ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Բոլորովին նորություն չէ, որ մենք ունենք առնվազն երկու հարյուր միլիոն դոլարի զենքի գնում, և զենքը չի մատակարարվում։ Չնայած հիմա պատճառաբանում են, թե Ուկրաինայում պատերազմ է, և զենքի սղություն կա, սակայն պետք է փաստել, որ արդեն գնված զենքը չէր տրվում դեռ 2021-ից ի վեր...
Սակայն այսօրվա հայտարարության մեջ մեկ այլ դրույթ շատ ավելի կարևոր է, կրկին այն, ինչի մասին 2020-ի աշնանային պատերազմից հետո անընդհատ խոսում ենք ու զգուշացնում, որ Ադրբեջանի հարձակումներից, սողացող այս պատերազմից ու ռազմական հյուծումից ռուսական կողմը (չնայած պարտավորություններին) ոչ միայն չի պաշտպանելու, այլև հենց հրահրելու է, քանի որ իր հեռահար նպատակը Հայաստանի ինքնիշխանության վերացումն է, պուտինյան միութենական պետության մաս դարձնելը, իսկ դա հնարավոր է ներսից ու դրսից վերջնական հյուծված վիճակում լինելու դեպքում։
Ընդ որում, այս հյուծման գործընթացն իրականացվում է ոչ միայն ռազմական, այլև հիբրիդային պատերազմի դասական դրսևորումներով՝ հանրության հուսահատություն, պայքարի անհնարինության մասին մշտական կոչեր, քաոտիկ վիճակի տպավորություն (ռումբերի ահազանգեր և այլն), այլընտրանքների բացակայության մանիպուլյացիաներ (եթե չլինի Ռուսաստանը, կդառնանք թուրքական վիլայեթ և այլն)։ Սրանք պարզապես անզգույշ կամ անգրագետ խոսքեր չեն, սրանք լրջորեն մտածված խոսույթներ ու գործիքներ են, որոնք ձևավորում են հանրային գիտակցությունն ու խորքային վախերի վրա հիմնված մտայնությունները՝ սրանից բխող հետագա գործողություններով ու հետևանքներով։
Բոլորովին պատահական չէ վերջին ամիսներին և օրերին 5-րդ շարասյան ակտիվացումը։ Զգոն լինենք ու վերջապես հասկանանք, որ Հայաստանի գոյության համար թեժ պայքարում ենք, ու հետքայլի տեղ այլևս չունենք»։