ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Վերջին շրջանում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Մեղրիի Շվանիձոր բնակավայրի սահմանային գոտում գտնվող այգիները, հողամասերն օտարվում են և գնվում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կողմից։
Կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, որևէ հողամաս Շվանիձոր, Նռնաձոր հատվածում չի օտարվել, ՌԴ սահմանապահները որևէ տարածք չեն գնել և չեն էլ կարող գնել։
Պարզվել է, որ խոսակցությունների համար առիթ է հանդիսացել այն, որ Շվանիձորին պատկանող այգեգործական մի շարք հողամասեր գտնվում են սահմանային գոտում, իսկ սահմանային գոտի մուտք գործելու համար անհրաժեշտ է սահմանապահ ծառայությունից ստանալ անցագրեր։
Մեղրիի համայնքապետի կողմից կազմակերպվել է այդ գործընթացը. այգիների, հողամասերի սեփականատերերի, այգեգործների անձնագրերի և այլ փաստաթղթերի պատճենները վերցվել, համապատասխան ստուգումներ կատարելուց հետո ներկայացվել են ՌԴ սահմանապահ ծառայությանը՝ նոր անցագրեր ստանալու համար։ Անցագրերը տրվում են մեկ տարի ժամկետով, և այս գործընթացն ամեն տարի կրկնվում է։
Փաստորեն, ամեն տարի կրկնվող նոր անցագրերի ստացման գործընթացը տեղիք է տվել տարաբնույթ խոսակցությունների և տեղեկությունների տարածմանը։
Մեղրեցիները ոչ մի գումարի դիմաց ոչ մի թիզ հող չեն պատրաստվում վաճառել ոչ մեկին. սա ապացուցված է տասնամյակների պատմությամբ։ Բացի այդ, նման գործընթացները գտնվում են պետության խիստ հսկողության ներքո»։