Գրող, հրապարակախոս Վասակ Դարբինյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հաճախ կարելի է լսել՝ մենք մերժեցինք ղարաբաղյան հակամարտության լուծման բարենպաստ տարբերակը և արժանապատիվ խաղաղության հնարավորությունը։
Բայց սա պնդողները հակված են մեղքը տարածել ամբողջ ժողովրդի վրա՝ ամրապնդելով թյուրիմացությունը, թե ամբողջ հայությունն էր անզիջում ու պահանջատեր, ամբողջ ժողովուրդն էր առավելապաշտ ու անիրատես։
Մինչդեռ փաստ է, որ այդ հնարավորությունը մերժողները «իշխանության հայտնի մարմիններն» են, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանին ներկայացրին հրաժարականի պահանջ, ու Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, քաջ գիտակցելով ու նախազգուշացնելով, որ ԼՂ հարցի ավելի լավ լուծում չենք ստանալու, ընդունեց այդ պահանջն ու հրաժարական տվեց՝ հայտարարելով, թե այլընտրանքը համարում է ավելի վտանգավոր։ Ավելի ուշ էլ բացատրելով, որ իր հրաժարականով կանխել է քաղաքացիական պատերազմը։
Ի՞նչ է ստացվում։
Փաստորեն, իշխանության հայտնի մարմինները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Վազգեն Սարգսյանը հրաժարականի պահանջը համեմել են շանտաժով, սպառնացել քաղաքացիական պատերազմով։ Եվ երկրի նախագահը տրվել է այդ շանտաժին։ Տրվել է պարտադրանքին։ Միջոց չի գտել՝ չեզոքացնելու դավադիրներին, երկրի անվտանգությանն ու կայունությանը սպառնացողներին։
Եթե ավելի մերկապարանոց՝ կշեռքի մի նժարին եղել է Ղարաբաղի հարցի ռացիոնալ ու արդյունավետ լուծումը, մյուս նժարին՝ քաղաքացիական պատերազմի շանտաժը։ Եվ շանտաժը, չի բացառվում՝ ահաբեկումը, աշխատել են. Տեր-Պետրոսյանը հեռացել է՝ ասպարեզը թողնելով հավակնոտ արկածախնդիրներին։
Հարցերի հարցը, ըստ իս, հետևյալն է. իսկապե՞ս Տեր-Պետրոսյանը չէր կարող չենթարկվել իր աճեցրած եռյակի պահանջին, որոնցից մեկն, ի դեպ, «Հայր մերը» չգիտեր, անգամ հայերեն այբուբենը չգիտեր (ըստ երևույթին, մինչև հիմա չգիտի), բայց Ստեփանակերտից պիտի բերվեր Հայաստան, նշանակվեր վարչապետ, ապա հեռացներ Տեր-Պետրոսյանին ու բազմեր ՀՀ նախագահի աթոռին․․․
Տեր-Պետրոսյանի համակիրների մի ստվար զանգված ասում և պատճառաբանում է՝ այո, չէր կարող, կրկնելով նրա փաստարկը, թե չենթարկվելու դեպքում կսկսվեր քաղաքացիական պատերազմ։
Իմ կարծիքով՝ հենց այստեղ է ինտրիգը. սա է այն կետը, որտեղ թաղված են հետագա նահանջների, անցանկալի զարգացումների, անդառնալի կորուստների և դժբախտությունների արմատները։
Մի կողմ թողնելով ստորադասների շանտաժի դեմ նահանջելու փաստը՝ ուզում եմ կրկնել հրապարակավ արածս պնդումը. Հայաստանում քաղաքացիական պատերազմ չէր կարող լինել ոչ այդ ժամանակ, ոչ էլ՝ դրանից հետո։
Հայաստանում քաղաքացիական պատերազմ առհասարակ հնարավոր չէ։
Հայաստանում առավելագույնը կարող են լինել անկարգություններ, սադրանքներ, խժդժություններ, անգամ՝ կրակոցներ ու պայթյուններ, բայց քաղաքացիական պատերազմը բացառված է։
Հայաստանում ոչ ոք նման բան հրահրելու ընդունակություն չունի:
Նույնիսկ ինքը՝ քաջ վոյինը չկարողացավ դա անել 2008-ի մարտի 1-ին՝ գործի դնելով ամբողջ ուժային կառույցները, ներգրավելով անգամ բանակն ու ծպտյալ վարձկանների հրոսակախմբեր: Պարզ պատճառով. Հայաստանում ամենքն ամենքին բարեկամ են, որքան էլ բարկանան ու կատաղեն իրար վրա՝ խելքները չեն թռցնի այն աստիճան, որ սրա-նրա հրահանգով հարձակվեն իրար վրա։
Եվ ուրեմն, ինձ թույլ տամ պնդել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի փաստարկը համոզիչ չէ, և նրա հրաժարականը ճակատագրական սխալ էր, որը թաղեց Ղարաբաղի հարցը նպաստավոր տարբերակով լուծելու պատեհությունը։ Վճռական պահին նա նահանջեց՝ ծանրագույն մաքառումներով մեր ժողովրդի ձեռք բերած հաղթանակն ու մնացած բոլոր նվաճումները՝ պետականություն, ժողովրդավարություն և այլն, մատնելով անհեռատես բախտախնդիրների քմահաճույքին։
Դարձյալ պիտի ասեմ. Ղարաբաղի հարցի պես բարդագույն հակամարտությունների լուծման համար պատմությունը կարող է ընձեռել մեկ, երկու, առավելագույնը՝ երեք հնարավորություն, որոնցից գոնե մեկը, ցանկալի է՝ լավագույնը, պետք է իրացնել ամեն գնով, ստորադասելով բոլոր այն խնդիրները, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ, հաղթահարել բոլոր այն դիմադրությունները, որոնք խանգարում են գերխնդիրը լուծելուն։ Այդ հնարավորությունները չեն կարող լինել անսահման։ Այդ մեկ, երկու, երեք հնարավորությունները եթե չես օգտագործում՝ վկայաբերելով ինչ-ինչ պատճառներ, ընդհուպ մինչև՝ երևակայական քաղաքացիական պատերազմ, ապա պատմությունը մի գեղեցիկ օր քեզ ու քո հաջորդներին զրկում է տվյալ հարցը լուծելու հնարավորությունից, չի ներում ընձեռված պահին քո հապաղումը, վարանումը, նահանջը, հրաժարումը, չի ընդունում պատճառաբանություններ, բացատրություններ, արդարացումներ։
Թե ինչ եղավ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, ինչ ցածրագույն մակարդակի հասավ բանակցային գործընթացը, ինչ աստիճանի անտերության մատնվեցին ազատագրված տարածքները, ինչքան միջոցներ թալանվեցին բանակում ու թիկունքում, առհասարակ ինչ դեգրադացիայի ենթարկվեց երկիրը, այդ ամենի հետևանքով ինչպես փոխվեց ուժերի հարաբերակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, լրագրող գործընկերներս ու ես, որպես վավերագրություն, արձանագրել ենք երկու տասնամյակ շարունակ, ամեն Աստծու օր (հպանցիկ ասեմ, որ նախկին նախագահներից երկուսին, որոնց հայտնի մի գործիչ սիրում էր անվանել սիամական երկվորյակներ, ամենօրյա ռեժիմով արդարացիորեն քննադատած լրագրողներից շատերը էս վերջերս, կարծես, մոռացել են թե՛ նրանց գործունեությունը, թե՛ իրենց գրածները նրանց մասին, և կտրուկ շրջադարձ կատարելով՝ դարձել են նրանց շահերի սպասարկուները, բայց սա այլ թեմա է)։
․․․Կա՞ մեկը, որը կառարկի, որ անցած երկու տասնամյակներին Ադրբեջանը սպառազինվում էր մինչև ատամները, իսկ Հայաստանի բանակը մնացել էր ստատուս-քվոյի խղճուկ գաղափարախոսության կցորդը, այդ գաղափարախոսների կթու կովը։ Ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանը այդ տասնամյակների ընթացքում պատրաստվո՞ւմ էր պատերազմի, թե՞ ոչ։ Սպառազինվո՞ւմ էր, թե՞ ոչ։ Եթե սպառազինվում էր ու ամենայն լրջությամբ պատրաստվում պատերազմի, մի՞թե հասկանալի ու պարզ չէր, որ մի օր պիտի սկսեր այդ պատերազմը։ Բնականաբար՝ իր համար ամենահարմար պահին։ Թե՞ կան մարդիկ, որոնք մտածում են, թե հանկարծ Կասպից ծովը պիտի լցներ 20-25 տարում ահռելի գումարներով ձեռք բերած զենք-զինամթերքը՝ սարսափելով Հայաստանում միանգամայն տրամաբանորեն և օրինական ճանապարհով իշխանության եկած տարածաշրջանի ամենամարտունակ մանկապարտեզից․․․
Հասկանալի է, որ Հայաստանի նոր իշխանությունն անփորձ պիտի լիներ ու ինչ-որ տեղ անհեռատես (պետություն կառավարելու համար ազնիվ մղումները բավարար չեն), ու հենց որ իր բաժին սխալը թույլ տվեց, որին սրտատրոփ սպասում էին ատամները սրած փորձառու, երիտասարդ, ռևանշիստ ու գորշ գայլերը, և որի հետևանքը եղավ պատերազմում կրած պարտությունը, հայ հերթապահ հայրենասերներից ոչ ոք առանձնապես չմտահոգվեց, ոչ ոք չահազանգեց, որ իշխանությունը սխալ է թույլ տալիս, որ ընդառաջ է գնում կանխորոշված ելքով պատերազմին․․․ Ամենքը անուշ նիրհում էին մի քանի տարի առաջ Հանրապետություն հրապարակում պայթած «Իս-կան-դեեեր» բացականչության խրոխտ ելևէջների ներքո, հավատալով հոխորտանքներին, թե տարածաշրջանի ամենամարտունակ բանակը պատրաստ է նոր տարածքներ գրավել նոր պատերազմի դեպքում․․․ Թերևս միայն Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որ կանխատեսելով աղետալի պատերազմը՝ զգուշացրեց դրա մասին, չարժանանալով, սակայն, քսան տարի ուղեղը լվացած հասարակության փոխըմբռնմանն ու աջակցությանը։
Հեշտ է, իհարկե, հետին թվով քաղաքական իմաստնություն պահանջել անփորձ իշխանությունից, մեղադրել պատերազմ սադրելու կամ պատերազմի մեջ ներքաշվելու համար։ Բայց եթե այդ մեղադրանքն ինչ-որ տեղ հասկանալի ու բացատրելի է, մեզնից ոմանք սիրում են հետին թվով իմաստուն եզրահանգումներ անել, անզուսպ մղում ունեն բռունցքներ ճոճել կռվից հետո, հետո գնալ տուն ու մանանեխ ճաշակել ճաշից հետո, միանգամայն անհասկանալի է, ապշելու բան է, թե ինչ սառնասրտությամբ են ոմանք սեփական ձեռքերով ավերածի մեղքը բարդում իրենց լարած թակարդում հայտնվածների վրա։ Աներևակայելի է, թե անպատկառության, պնդերեսության, երեսպաշտության ինչ պաշար պիտի ունենա մարդը, որ իր հանցանքները բարդի ուրիշի վրա։ Արգահատելի է, որ քաղաքական ուժերը և նրանց ագրեսիվ պաշտպանները միշտ մեղադրում ու հայհոյում են այլոց, բայց ոչ ոք չի ուզում խոստովանել սեփական սխալը, թերությունը, անգամ՝ վրիպումը։ Բանական մարդը նայում և մնում է տարակուսած․ որտեղի՞ց այսքան թույն իրար հանդեպ, ու ինքնասիրահարվածություն՝ սեփական այլանդակություններին նայելիս։
Բանական մարդը նաև զարմանում է՝ ՀՀ նախկին ղեկավարները չե՞ն ուզում խոստովանել անցյալում գործած իրենց սխալները, համարո՞ւմ են արդյոք նրանք, որ ամեն ինչ ճիշտ են արել ու եթե հնարավորություն ունենային վերադառնալ անցյալ՝ կանեին նույնը․․․ Համարո՞ւմ են արդյոք իրենց անսխալական։
Հիմա էլ լուրեր են տարածվում՝ հնարավոր է՝ նախկին երեք նախագահները հանդիպեն ու որոշեն միասնաբար լծվել հայրենիքի փրկության գործին։
Բանական մարդը, ՀՀ շարքային քաղաքացին ուզում է հասկանալ՝ ինչպե՞ս է հնարավոր, որ միմյանց հանդեպ օրգանական ատելություն տածողները միավորվեն Հայաստանը փրկելու համար։ Ուզում է իմանալ՝ ի՞նչ արդյունք կարող է դա տալ անցյալի արատները վերակենդանացնելուց, երկիրը ավելի թուլացնելուց ու նիհիլիզմի մեջ ընկղմելուց բացի, անկախ նրանից, թե ով ինչ ազնիվ մղումներով կամ ինչ հավակնություններով է ներքաշվում խաղի մեջ։ Պարզ ու հոդաբաշխ բացատրություն է ուզում՝ ոչ մի կերպ վստահություն չներշնչող փրկչական առաքելությունից բացի ի՞նչը կարող է միավորել նրանց։ Գուցե ավելի ուժգին ատելությունը մեկ ուրիշի՞ հանդեպ․․․
Բայց մի՞թե ջրի կաթիլի պես պարզ չէ, որ միմյանց հանդեպ արդեն ժամկետանց դարձած, բայց խնամքով պահվող նողկանքը կուլ տալը և մեկ ուրիշի հանդեպ համախառն ներքին ատելության շուրջ միավորվելը չի կարող բարի պտուղ տալ, եթե անգամ տեր Աստված գա աջակցելու»։