«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնել փորձող իր շեֆի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ Հայաստանի արտաքին քաղաքականությունը այլասերած, Հայաստանի արտաքին քաղաքական ռազմավարական կարևոր որոշումները այլ պետության տնօրինությանը հանձնած, Արցախին բանակցային սեղանից դուրս դրած այս դավաճանական դուետի պարագլուխը ներքոբերյալ վերջին հոդվածում խոսում է Հայաստանի բանակցողին փոխելու հրատապ հրամայականի մասին՝ գիտակցված կամ ակամա կրկնելով Հայաստանի սուվերեն տարածքի վրա վերջին հարձակումը արդարացնող Ադրբեջանում չափազանց մեծ տարածում գտած նարատիվը, ըստ որի՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից բացի եղել են նաև բանավոր պայմանավորվածություններ, որոնց իրագործման պատասխանատվությունն էլ ստանձնել է Ռուսաստանի նախագահը։
Բանավոր պայմանավորվածության անթույլատրելիության մասին խոսում է մեկը, ով ժամանակին՝ 1999թ․, եղել է ՀՀ ԱԳ նախարարը և նույնիսկ տեղյակ չի եղել, որ Հայաստանը Բաքվի հետ բանակցում է տարածքային փոխանակման շուրջ, մի տարբերակ, որը բանակցել են իր շեֆը՝ Ռոբերտ Քոչարյանն, ու Հեյդար Ալիևը, առանց այդ մասին տեղեկացնելու Մինսկի խմբի համանախագահներին և նույնիսկ իրենց ԱԳ նախարարներին։
Ըստ այդ բանավոր պայմանավորված պլանի՝ Հայաստանը ստանում էր ամբողջական տիրապետություն Ղարաբաղի վրա, ներառյալ Լաչինի միջանցքը, որի դիմաց Արդբեջանի ամբողջական տիրապետության տակ էր անցնում Հայաստանի ամենահարավային շրջանը՝ Մեղրին, որը Հայաստանին կապում է Իրանի հետ, և որը պետք է դառնար կապող միջանցք Ադրբեջանի և Նախիջևանի միջև:
2016թ. Խաղաղության միջազգային ինստիտուտը հրապարակել է Ֆիլիպ Ռեմլերի «Կովկասին շղթայված. խաղաղարար գործընթացը Լեռնային Ղարաբաղում 1987-2012թթ.» (Chained to the Caucasus: Peacemaking in Karabakh 1987-2012) աշխատությունը: Ֆիլիպ Ռեմլերը պաշտոնաթող ամերիկյան դիվանագետ է, ով պետդեպարտամենտում երկարատև աշխատանքի տարիներին դիվանագիտական ծառայության է եղել ԵԱՀԿ-ում, Մոսկվայում, Անկարայում, Բաքվում, Գրոզնիում, Թբիլիսիում, Քիշնևում և այլ տարածաշրջաններում: Ռեմլերը նաև գործուն մասնակցություն է ունեցել Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ դիվանագիտական գործունեության մեջ:
Գրքում Ռեմլերը ներկայացնում է ղարաբաղյան կարգավորման պատմությունը, առանցքային պահերը և այն դեպքերն ու իրադարձությունները, որոնք հաճախ մնացել են հանրության տեսադաշտից դուրս: Ահա թե ինչ է նա գրում Քոչարյան-հայր Ալիև հանդիպումների մասին․ «․․․Երկրորդ անգամ նրանք հանդիպեցին 1999թ. ապրիլի 26-ին՝ Վաշինգտոնում անցկացվող ՆԱՏՕ-ի 50–ամյակի միջոցառումների շրջանակում: Բացի այն, որ երկու պետություններից և ոչ մեկը մտադրություն չուներ ՆԱՏՕ-ին անդամակցելու, անհարմար էր նաև հանդիպման օրը: Ապրիլի 24-ը հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Դրան գումարած՝ Ալիևի առողջական վիճակը բարվոք չէր, և նա Վաշինգտոնից մեկնելու էր Քլիվլենդ՝ սրտի վիրահատության, ինչը և տեղի ունեցավ երեք օր անց: Այդուհանդերձ, այդ հանդիպումը խթան դարձավ առաջիկա մյուս դեմ առ դեմ հանդիպումների: Առաջին երկուսը տեղի ունեցան Ժնևում, մեկը՝ հուլիսին, որը չէր հրապարակայնացվել, և հանրությունը դրա մասին տեղեկացավ միայն այն բանից հետո, երբ Ալիևը դրա մասին բարձրաձայնեց օգոստոսի 22-ին տեղի ունեցած երկրորդ հանդիպման ավարտին արած հայտարարության մեջ: Երրորդ հանդիպումը կայացավ սեպտեմբերի 10-ին Յալթայում տեղի ունեցած Սևծովյան համագործակցության երկրների գագաթաժողովի շրջանակներում: Իսկ չորրորդ հանդիպումը կայացավ հոկտեմբերի 11-ին՝ Սադարակ գյուղում, որտեղ հատվում են Հայաստանի, Թուրքիայի և անկլավային Նախիջևանի սահմանները:
Հարկ է նշել, որ բանակցությունները շատ ինտենսիվ էին: Բացի նրանից, որ Քոչարյանն ու Ալիևը գաղտնի էին պահել բանակցությունների բովանդակությունը համանախագահող երկրներից, նրանք նաև դա թաքցրել էին իրենց ԱԳ նախարարներից, որոնք շարունակում էին հանդիպել և ապարդյուն քննարկել Մինսկի խմբի առաջարկները. Քոչարյանն ու Ալիևն արդյունքում մշակեցին բոլորովին նոր լուծում, որն ամբողջությամբ տարբեր էր ԵԱՀԿ՝ նախկինում մշակած բոլոր առաջարկներից: Լուրջ փոխզիջումներ՝ հիմնված լայն տարածքային փոխանակման վրա. Հայաստանը ստանում էր ամբողջական տիրապետություն Ղարաբաղի վրա, ներառյալ՝ Լաչինի միջանցքը, դրա դիմաց Ադրբեջանի ամբողջական տիրապետության տակ էր անցնում Հայաստանի ամենահարավային՝ Մեղրու շրջանը, որը Հայաստանը կապում է Իրանի հետ և պետք է դառնար կապող միջանցք Ադրբեջանի և Նախիջևանի միջև:
Սադարակում կայացած չորրորդ հանդիպումից հետո Ալիևն ու Քոչարյանը նախաձեռնեցին ասուլիս, որտեղ երկուսն էլ ակնարկեցին, որ բավականին մոտ են լուծմանը: …
․․․Ղեկավարների միջև համաձայնություններ ձեռք բերելու՝ ռուսական և հետսովետական ավանդույթներին համահունչ, Քոչարյան-Ալիև համաձայնությունը բանավոր էր և պարունակում էր նվազագույն մանրամասնություններ: ․․Ալիևն իր մոտ հրավիրեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Սթենլի Էսկուդերոյին և բացահայտեց իր ու Քոչարյանի համատեղ մշակած ծրագիրը: Սա նորություն էր Միացյալ Նահանգների համար, որի համանախագահը, մյուս համանախագահների հետ, մի քանի օր առաջ` հոկտեմբերի 7-ին, Օսլոյում հանդիպել էր ԵԱՀԿ նորվեգացի նախագահողին, և որտեղ ոչ մի պատվիրակություն տեղյակ չէր եղել նման ծրագրի առկայության մասին: Ալիևը խնդրեց դեսպանին՝ Մինսկի խմբի անունից այդ բանավոր համաձայնության հիման վրա պատրաստել գրավոր նախագիծ, որն ավարտուն տեսքի կբերեն ինքը և Քոչարյանը: Նա խնդրեց, որ դա արվի անհապաղ: Պարզ չէր, թե Քոչարյանը կամ Ալիևը ինչ էին տեղեկացրել ռուսներին այս ծրագրի մասին, բայց, հավանական է, նրանք գիտեին, որ ինչ-որ բան ձեռնարկվում է: Շնորհիվ սադարակյան ասուլիսի՝ դրա մասին արդեն գլխի էին ընկնում նաև երկու երկրների ժողովուրդները:
Չնայած ԱՄՆ փոխպետքարտուղար և Մինսկի խմբի համանախագահող Սթրոբ Թելբոթը դիտարկում էր Մինսկի գործընթացը որպես հնարավորություն՝ համագործակցելու Ռուսաստանի հետ, ամերիկյան կողմը, խախտելով նախադեպը, տեղյակ չպահեց համանախագահողներին: Գործելով միակողմանիորեն՝ ամերիկյան կողմը շտապ սկսեց գրավոր փաստաթղթի պատրաստումը: Սա դեռ չավարտած՝ Թելբոթը և ամերիկյան համանախագահ Քերի Քավանոն մեկնեցին Բաքու (հոկտեմբերի 26-ին) և Երևան (հոկտեմբերի 27-ին)՝ փորձելով վերամշակել Քոչարյան-Ալիև համաձայնությունը: Այդուհանդերձ, Թելբոթը ստիպված էր հոկտեմբերի 27-ին արագ մեկնել Թբիլիսի՝ զբաղվելու մեկ այլ ճգնաժամով: Մեկնելով Երևանից՝ ամերիկացիները համոզված էին, որ հակամարտության կարգավորումը վերջապես շատ մոտ է:
Մինչ Թալբոթի ինքնաթիռը դեռ օդում էր, Սադարակի հանդիպումից 16 օր անց Նաիրի Հունանյան անունով մեկը՝ չորս ուղեկցողի հետ, զինված ներխուժեց Հայաստանի խորհրդարան և սպանեց 8 պաշտոնյայի, այդ թվում՝ վարչապետ Վազգեն Սարգսյանին և ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին»:
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայաստանի սուվերեն տարածքը արցախյան հակամարտության կարգավորման օրակարգ բերած ոհմակի, դավաճանների խմբի պարագլուխներից մեկի՝ Վարդան Օսկանյանի մասին»։