Տեսակետ

Ուրվագծվեցին տարածաշրջանային դերակատարների վերադիրքավորման միտումները

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է.

«Տարածաշրջանային քաղաքական, տեղեկատվական մանևրների ընդհանուր միտումները՝ Ադրբեջանի ագրեսիայի համատեքստում. 

ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ֆոնին ուշագրավ կերպով ուրվագծվեցին նաև ընդհանուր տարածաշրջանային դերակատարների վերադիրքավորման միտումները։

Առնվազն պաշտոնական արձագանքների և մեդիաանդրադարձների ընդհանրական վերլուծության արդյունքում կարելի է ներկայացնել դիրքավորման հետևյալ հիմնական պատկերը։

Թուրքիա

1.Լիակատար համակողմանի աջակցություն Ադրբեջանին։

2.Վերջին ագրեսիայի պայմանավորում Ռուսաստանի, Իրանի, մասնակիորեն՝ նաև ԱՄՆ-ի դիրքորոշումներով (երբեմն հայամետ)։

3.Թուրք-ադրբեջանական ընդհանուր շահերի առաջմղում՝ ԼՂ հակամարտության կարգավորված լինելու և միջանցքային թեմատիկայի շեշտադրմամբ։

4.Հայաստանի հասցեին սպառնալից տոնայնությամբ հռետորաբանության կիրառում։ 

Իրան

1.Հայաստան-Իրան սահմանի անփոփոխելիության շեշտադրում։

Ադրբեջանի ագրեսիայի պայմանավորում Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ։

2.Ագրեսիայի հիմնավորում «միջանցքի» և ԼՂ հիմնախնդրի հետ կապված թուրք-ադրբեջանական դիրքորոշմամբ։

3.Իրանի հյուսիս-արևմտյան սահմանագոտում ԻՀՊԿ ռազմական մանևրների վերաբերյալ տեղեկատվության շարունակական տարածում՝ վճռական գործողությունների դիմելու պատրաստակամության շեշտադրմամբ։

Վրաստան

1.Ագրեսիայի վերաբերյալ լուրջ մտահոգության համակողմանի ընդգծում։

2.Ռուսաստանի, Թուրքիայի ներգրավմամբ ռազմական գործողությունների մասշտաբների ընդլայնման պարագայում Վրաստանի համար անմիջական բացասական հետևանքների կանխատեսում։


Բավականաչափ ուշագրավ է զարգացումների վերաբերյալ և դրանց ֆոնին իսրայելական մեդիաքաղաքականությունը.

1.Մեծամասամբ ադրբեջանական կողմին հղումներով տեղեկատվության տարածում։

2.Իրանի հոգևոր առաջնորդի առողջության վատթարացման վերաբերյալ հակաիրանական մեդիագրոհ՝ վերջինիս՝ ծագումով Ադրբեջանից լինելու ընդգծմամբ (չնայած՝ Խամենեին Իրանի հյուսիս-արևելյան Մաշհադ քաղաքից է)։ 

3.Իրանում ներքաղաքական իրավիճակի լարվածության, հակակառավարական բողոքի ակցիաների վերաբերյալ ուռճացված տեղեկատվական բնույթի հրապարակումների տարածում»։