Տեսակետ

«Երևանին պարտադրվում է համաձայնել կա՛մ Սյունքի հարավում էքստերիտորիալ միջանցքի, կա՛մ Լաչինում Ադրբեջանի սահմանային և մաքսային անցակետի տեղադրման հետ». Վահրամ Աթանեսյան

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է.

«2020թ․ նոյեմբերի 9-ից հետո պաշտոնական Ստեփանակերտի անպատասխանատու, ոչ կոմպետենտ պահվածքը, սուբյեկտության վերջին ռեսուրսների հետեւողական մսխումը, ադրբեջանական կողմի հետ ոչ հրապարակային շփումները եւ ձեռք բերված իրավիճակային ոչ բարենպաստ պայմանավորվածությունները, հատկապես Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցում դրսեւորած ոչ պրոֆեսիոնալիզմը բերել են մի իրավիճակի, երբ Հայաստանը կանգնած է ծանրագույն երկընտրանքի առաջ։

Երեւանին պարտադրվում է համաձայնել կամ Սյունքի հարավում էքստերիտորիալ միջանցքի, կամ Լաչինում Ադրբեջանի սահմանային եւ մաքսային անցակետի տեղադրման հետ։ Երրորդ տարբերակն այն է, որ Մեղրիում եւ Լաչինում հսկողություն իրականացնի ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայությունը։

Իրականությունը սա է, ոչ ոք թող չփորձի խուսափել պատասխանատվությունից եւ հեքիաթներ չհորինի։ Եթե ժամանակին Փառուխ-Քարագլուխ օպերացիան չներկայացվեր որպես ավելի վատթարից «փրկություն»՝ ինչպես փարիսեցիաբար ներկայացրեց պաշտոնական Ստեփանակերտը, ապա այսօր նման էքզիստենցիալ վիճակ չէինք ունենա։

Բայց պետք է կենտրոնանալ հնարավորինս ոչ ավելի ցավոտ լուծումներ գտնելու հրամայականի վրա։