Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.
«Ադրբեջանը, հերթական անգամ օգտվելով աշխարհաքաղաքական գործընթացներից և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի փորձը, այսօր հարձակողական գործողություններ է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։
Ակնհայտորեն առաջնորդվելով նպատակն արդարացնում է միջոցները սկզբունքով՝ Ադրբեջանը շարունակաբար ուժի կիրառմամբ առավելագույնն է կորզելու հայկական կողմից։ Այս համատեքստում հայկական խաղաղության օրակարգը համարժեք չէ գործնականում արձանագրվող իրողություններին։
Կանոնավոր և մարտունակ բանակն է պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ժողովրդի ֆիզիկական անվտանգության, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման երաշխավորը։ Ուստի պետք է անհապաղ վերանայել հայկական օրակարգը․ վերջ տալ միջազգային հանրությանն ապավինելու անփառունակ փորձերին, խմբագրել պաշտպանական քաղաքականությունն ու ձևավորել համահայկական մարտահրավերներին և սպառնալինքներին համարժեք զինված ուժեր։
Հայաստանի նկատմամբ պարբերական ոտնձգությունների հետևանքները վերացնելու փոխարեն, պիտի կանխարգելել դրանք․ և այդ կանխարգելիչ գործոնի բացարձակ մենաշնորհը բանակին է։ Հակառակն ապացուցելու փորձերն ու այդ կապակցությամբ արդարացումները սիրողական-կուսակցական մոտեցումներ են»։