Տեսակետ

Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ՊՆ-ն գրեթե ամեն օր կեղծ հայտարարություններ է տարածում, թե իբր հայկական ուժերը կրակել են շփման գծի տարբեր ուղղություններով, իսկ իրենք քայլեր են ձեռնարկել, ինչից հետո կրակը լռեցվել է:
Բնականաբար, հայկական համապատասխան գերատեսչությունները հերքում են այդ լուրերը՝ նշելով, որ հայկական կողմի որևէ զինվորական օղակ կրակ չի բացել Ադրբեջանի ուղղությամբ: 
Շատերն են հարցնում, թե ինչու է Ադրբեջանն այս ապատեղեկատվությունը կազմակերպված և հետևողականորեն իրականացնում։ Բոլորս գիտենք, որ երբ Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը, դա իրականացնելուց առաջ կազմակերպում է այդ սադրանքի տեղեկատվական լեգիտիմացման կեղծ հենքը: 
Միջազգային հանրության բոլոր դերակատարները, որոնք հետաքրքրված են հայ֊ադրբեջանական խաղաղության գործընթացով և ԼՂ հակամարտության կարգավորմամբ, պետք է շատ ուշադիր հետևեն և հստակ գիտակցեն, որ հերթական անգամ Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել։ 
Այս իրավիճակում միջազգային թիրախավորված արձագանքը կարող է կանխել նախապատրաստվող այդ նոր սադրանքը»: