ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ադրբեջանը տեղեկատվական կեղծ հոսքերով նախապատրաստում է հաջորդ սադրանքը: Սա սահմանային վիճակի ապակայունացման ցուցիչ է:
Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում:
Քաղաքական դաշտի մի հատվածը թռչկոտում է Ուկրաինայում ռուսական ռազմական անհաջողություններից, մի հատվածը հայհոյում է Արևմուտքին` առանց գիտակցելու մեզ ուղղակիորեն չվերաբերող պատերազմում կողմերին «սևացնելու» կամ «հերոսացնելու» պրոպագանդայի հետևանքները:
Ազգային ժողովի նստաշրջանը բացվում է միայն մեծամասնության պառլամենտում իրենց միակուսակցական իշխանությամբ հպարտ պատգամավորներով:
Խորհրդարանական ընդդիմությունը առանձին հանրային քննարկում է անցկացնում կրկնվող անիմաստ ու անօգուտ տեքստերով՝ սպասելով, թե երբ պիտի վիճակը սրվի, կորուստներ ունենանք, որ իշխանությունը վերցնելու հաջորդ փորձը անեն:
Իսկ քաղաքականությունից և քաղաքական գործիչներից հիասթափված հանրությունը դանդաղ ընկղմվում է նիրհի մեջ: Մարդիկ իրենց տղա երեխաներին երկրից հանելու հարցն են լուծում:
Ոչ մի գրամ ադեկվատություն և պատասխանատվություն չկա ո՛չ խորհրդարանում, ո՛չ խորհրդարանից դուրս: Նոր պատերազմի մեջ հայտնվելու դեպքում չկա որևէ պետական մարմին, որը կարող է կատարել մարդկանց գոտեպնդելու՝ իր առաքելությունը: Համատարած անվստահություն է՝ հատկապես պառակտված ու սպառված պառլամենտի նկատմամբ:
Խաղաղություն մեր սահմաններին»: