Տեսակետ

Տգիտությունը, պարազիտությունը, ապիկարությունը, ապաշնորհությունը սահմաններ չի ճանաչում

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. 

«Տգիտությունը, պարազիտությունը, ապիկարությունը, ապաշնորհությունը սահմաններ չի ճանաչում․ Ի՞նչ անել

Այսօր հայտնի դարձավ, որ խորհրդարանական ընդդիմությունը որոշել է շարունակել խորհրդարանական աշխատանքների բոյկոտը։ Հայաստանի առջև ծառացած ահռելի մարտահրավերների խորապատկերում խորանում է խորհրդարանական ընդդիմության ճգնաժամը, ընդդիմության լեգիտիմության բացակայության, կամ լեգիտիմ ընդդիմության բացակայության ճգնաժամը:

Նախկին կառավարող համակարգ-խորհրդարանական ընդդիմության ԱԺ աշխատանքները բոյկոտելու գաղափարի հանդեպ հանրության վերաբերմունքը կամ տոտալ անտարբերությունը իր հերթին ավելացնում է վտանգները։

Ընդ որում, նախկին կառավարող համակարգ-խորհրդարանական ընդդիմության լեգիտիմության բացակայությունն ինքնաբերաբար լեգիտիմ է դարձնում ներկայիս կառավարող մեծամասնությանը՝ որոշակիորեն անգամ անկախ այդ կառավարման արդյունավետությունից: Առանցքային արդյունք դիտվում է այն, որ թույլ չտրվի նախկին համակարգի վերադարձ իշխանության:

Մինչդեռ, դա Հայաստանի համար չափազանց անհամարժեք և փոքր խնդիր է՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների և դրանցից բխող մարտահրավերների համատեքստում: Եվ այստեղ է, որ առկա է խորքային քաղաքական ճգնաժամը՝ Հայաստանում որակապես և բովանդակային առումով իրապես այլընտրանքային ընդդիմության բացակայությունը, որի առկայությունը ոչ թե «կարդարացնի» գործող քաղաքական իշխանությանը, այլ կդնի առավել բարձր և լրջմիտ պատասխանատվության տակ:

Այդպիսի ընդդիմության բացակայությունն է ներկայումս Հայաստանում քաղաքական ճգնաժամի բուն պատճառը կամ արմատը, որի հաղթահարումը օբյեկտիվորեն պահանջում է իհարկե տևական ժամանակ, սակայն դրանով հանդերձ առավել հրամայական է դարձնում հաղթահարման ուղիների փնտրտուքի կամ մշակման ուղղությամբ արդեն այսօր շոշափելի աշխատանքի անհրաժեշտությունը:

Այս օրակարգը պետք է դառնա արտախորհրդարանական ուժերի գլխավոր անելիքը։ Անհրաժեշտ է, որ այդ ուղղությամբ համակարգված և համադրված աշխատանք տանեն այն ուժերը, որոնք ունեն համապատասխան ներուժ և ռեսուրս»։