Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, լրագրող, քաղաքական մեկնաբան Վահրամ Աթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ուշադրությամբ հետևում եմ Ադրբեջանի ներկայացրած «հինգ սկզբունքների» շուրջ հայ փորձագետների արտահայտած տեսակետներին։ Ի՞նչն է նրանց անհանգստացնում։ Առաջին հերթին՝ որ Հայաստանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց կա՞ նախադեպ, երբ երկու երկրներ հարաբերություններ են հաստատում՝ առանց միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և առկա սահմանների անփոփոխելիությունը փոխադարձաբար ճանաչելու։ Չկա։ Հայաստանը և Ադրբեջանը բացառություն չեն չեն կարող լինել։ Ո՞րն է Ադրբեջանի «սկզբունքներից» անընդունելին։ Մեկը՝ փոխադարձաբար ճանաչել միմյանց «քաղաքական ամբողջականությունը»։ Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ վիճելի խնդիրներ ունեցող պետությունները փոխադարձաբար պարտավորվում են «քաղաքական ամբողջության տրոհմանն ուղղված գործողությունների չդիմել»։ Այլ կերպ ասած՝ մեկը մյուսի տարածքում անջատողականություն չհրահրել և չհովանավորել։ Բայց դա վերաբերում է այն երկրներին, որոնք հարգում են ինքնորոշման իրավունքը, հասել են նրան, որ գործող քաղաքական-պետական համակարգը ճանաչվում է ամբողջ բնակչության կողմից։ Այսինքն, առկա է ներպետական համաձայնություն, մյուս երկիրը պարտավորվում է դա չխախտել։ Որևէ երկիր պարտավոր չէ մյուսի քաղաքական ամբողջության երաշխավորը լինել. դա այդ պետության ներքին գործն է։ Այս կոնկրետ դեպքում Հայաստանը չի կարող պարտավորվել, որ Ադրբեջանում հաստատված ունիտար պետականությունը նրա ամբողջ բնակչության համար ընդունելի է։ Չի կարող երաշխավորել, որ Նախիջևանը մի օր անկախություն չի հռչակելու կամ չի միավորվելու Թուրքիայի, Իրանի կամ Հայաստանի հետ։ Չի կարող երաշխավորել, որ թալիշները վերստին Թալիշ-մուղանյան հանրապետություն չեն հռչակելու, կամ լեզգիները չեն ապստամբելու և չեն պահանջելու միանալ Դաղստանի իրենց հայրենակիցներին։ Իսկ եթե «քաղաքական ամբողջության» ճանաչում ասելով Ադրբեջանը հասկանում է, որ Հայաստանը չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, ապա դա հակասում է Հայաստանի՝ որպես ՄԱԿ-ի անդամ պետության, միջազգային պարտավորություններին։ ՄԱԿ-ի Խարտիան անդամ բոլոր պետություններին պարտավորեցնում է ճանաչել ինքնորոշման իրավունքը։
Այնպես որ, ապագա պայմանագրի պրեամբուլայում այդ բոլոր հարցերը պետք է կարգավորվեն՝ ըստ ՄԱԿ-ի Խարտիայի, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի և Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային պարտավորությունների»։