«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Որպես Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ (նաև իմանալով խորհրդի ու հանձնաժողովի այլ անդամների մեծամասնության մոտեցումը), ես բացառում եմ մահապատժի վերացման մասին որևէ քննարկում։ Վստահ եմ, որ այս հարցը խորհրդի օրակարգ անգամ չի մտնի։
Իսկ դատախազությանն առաջարկում եմ զբաղվել պատժի անխուսափելիության մեխանիզմով, որը, մեղմ ասած, կաղում է։ Անլուրջ առաջարկներ անելու փոխարեն թող իրենց գործն անեն, որ հանցագործները (այդ թվում` դավաճանության հոդվածով) կանգնեն դատարանի առջև։
Հիշեցնեմ, որ Հայաստանում, վերջին 5 տարում, մարդասպանություն կատարածների ընդամենը 27 տոկոսն է դատարանի առջև կանգնել։ Տարիներ շարունակ Հայաստանում լրտես ու դավաճան չէր բացահայտվում, բայց դա դատախազությանը չէր անհանգստացնում։
Նշեմ նաև, որ դատախազությունը լավ կանի՝ իմանա, որ բացի Եվրախորհրդի պարտավորվածություններից, Հայաստանը 2021թ. մարտի 21-ին վավերացրել է ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին կից երկրորդ կամընտիր արձանագրությունը», որի առաջին հոդվածը նախատեսում է, որ արձանագրության մասնակից պետության իրավասության ներքո գտնվող որևէ մեկը չի կարող մահապատժի ենթարկվել։ Ընդ որում՝ Հայաստանն այն ստորագրել է առանց ռազմական իրավիճակներում մահապատժի բացառության»։