Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, լրագրող, քաղաքական մեկնաբան Վահրամ Աթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Քանի՞ անգամ պետք է բացատրել, որ սեպտեմբերի 2-ը ԼՂՀ հռչակման օրն է, ոչ թե՝ Արցախի անկախության։
Հատուկ այդ «լուսավորվածների» համար մեջբերում եմ Հռչակագրի այս կետը․ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն օգտվում է այն լիազորություններից, որոնք հանրապետություններին տրամադրվում են ԽՍՀՄ Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ, և իրեն իրավունք է վերապահում՝ ինքնուրույն որոշել իր պետական-իրավական կարգավիճակը` երկրի և հանրապետությունների ղեկավարության հետ քաղաքական խորհրդատվությունների և բանակցությունների հիման վրա»։
ԼՂՀ անկախության օրը հունվարի 6-ն է, երբ առաջին գումարման Գերագույն խորհուրդն ընդունել է «Պետական անկախության մասին» հռչակագիրը։ Բայց այդ օրը երբեք Արցախում չի նշվել։ Թե ինչու՞, թող իշխանություններն ասեն։ Ես միայն ենթադրել կարող եմ»։