Տեսակետ

Հարավային Կովկասում ձևավորվում է ռուս-թուրքական «համատիրություն»

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, լրագրող, քաղաքական մեկնաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ 

«Ուրեմն այսպես․ Հայաստանի անկախ պետությունը կործանվել է 1920թ․ դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով և որպես ՀԽՍՀ՝ կազմավորվել 1921թ․ մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրով։ 1991թ․ սեպտեմբերի 21-ին Հայաստանը անկախություն է հռչակել՝ որպես ՀԽՍՀ իրավահաջորդ։ Հարավային Կովկասի իրավա-քաղաքական ստատուս-քվոն ռուս-թուրքական համաձայնության արդյունք էր ԽՍՀՄ գոյության մոտ 70 տարիներին։ Այն հօգուտ Հայաստանի և հայ ժողովրդի որոշակիորեն փոխելու միակ հնարավորությունը ԼՂ կարգավորման 1997թ․ փուլային տարբերակն էր, որի մերժմամբ ճանապարհ հարթվեց, որպեսզի կայանա ռուս-թուրքական նոր, մեզ համար ոչ նպաստավոր համաձայնություն։ Քառասունչորսօրյա պատերազմը Հայաստանի քաղաքակրթական մեկուսացման, երկիրը եվրասիական «ընդհանուր (իրականում՝ ռուս-թուրքական) տուն» խցկելու, ԼՂ կարգավորման չգնալու, ինչ-որ «Վիեննայի օրակարգի» և «Թուրքիայի մասնատման ծրագրի» ապավինելու մանկամտության կամ գիտակցված «գործակալական վարքի» հետևանք էր։ Մենք պարտադրված ենք առերեսվել իրականությանը․ Հարավային Կովկասում ձևավորվում է ռուս-թուրքական «համատիրություն»։ Գերխնդիր է, որպեսզի Հայաստանը պահպանի և ամրապնդի սուվերենությունը, ՀԽՍՀ-ից ժառանգած տարածքի ամբողջականությունը և ապահովի Արցախի հայկական ինքնությունը։ Չափազանց բարդ խնդիր է, բայց քաղաքական պրագմատիզմի և դիվանագիտական դելիկատության սահմաններում՝ միանգամայն լուծելի։ Մնացածը կամ դիլետանտություն է, կամ՝ արկածախնդրություն, կամ՝ օտարահպատակություն»։