Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ոչ անհայտ պատմաբան, արեւելագետ Ստանիսլավ Տարասովը ասում է, որ իրենց մտահոգում է Հայաստանում ռուսաֆոբիան, հակառուսականությունը: Սա թերեւս կլիներ ծիծաղելի, եթե չվերաբերեր Հայաստանի անվտանգության հարցերին, եթե չվերաբերեր Հայաստանի դեմ մշակված քաղաքական տեխնոլոգիային: Քաղաքական տեխնոլոգիա, որի անկյունաքարերից մեկն էլ Հայաստանին պարբերաբար ռուսաֆոբիայի, հակառուսականության մեղադրանք ներկայացնելն է: Մենք դա տեսել ենք բախտորոշ 2012-13-ից սկսած: Ասել եմ բազմիցս, որ անձամբ եմ եղել դրա թիրախում, ընդ որում շրջանակներից, որոնք այսօր իրենք են խոսում Հայաստանի դեմ ռուսական քաղաքական ոտնձգություններից: Բայց, դա չէ հարցը:
Հայաստանում ռուսոֆոբիայի, հակառուսականության «տպավորություն» ստեղծելու առաջին շահառուն հենց Ռուսաստանն է: Սա կարող է թվալ տարօրինակ, բայց տարօրինակ չէ՞, երբ ՌԴ կովկասյան քաղաքականությունը ամենից հակադիր է Կովկասում ՌԴ միակ ռազմա-քաղաքական դաշնակից ու բարեկամ դիտվող Հայաստանի շահին: Տարօրինակը դա է, եթե խոսենք տարօրինակություններից:
Բայց, հենց այստեղ է «շան գլուխը»: Եվ սրա մասին խոսել եմ դեռեւս այդ տարիների բազմաթիվ հոդված-մեկնաբանություններով: Կա երկու խնդիր, որ «ռուսաֆոբիայի» միջոցով լուծում է Մոսկվան: Մեկը՝ զգայական, հոգեբանական տիրույթ բերել Ռուսաստանի քաղաքականությանն առնչվող խոսակցությունը, այդ կերպ առավելագույնս խուսանավելով փաստարկված եւ փաստերի լեզվով խոսակցությունից, որովհետեւ այդ կերպ Հայաստանի փաստարկները լինելու են բավականին ուժեղ: Եվ երկրորդ, ռուսաֆոբիայով արդարացնել իր թղթի վրա Հայաստանի, իրականում, խորքային առումով Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ գործընկերային ու դաշնակցային հարաբերության վրա կառուցված կովկասյան քաղաքականությունը, որն էլ իր հերթին բնականաբար, այսպես ասած Մեծ խաղի ռուսական ռազմավարության կարեւոր օղակներից է:
Այն, որ Հայաստանում չկա ռուսաֆոբիա, չունի նույնիսկ հերքելու անհրաժեշտություն: Կա՛ն դրանով ապրող խմբեր: Իհարկե կան: Շատ փնտրելու դեպքում, գուցե ամենամեծ տեսակարար կշռով ռուսաֆոբներ հայտնաբերվեն հենց Ռուսաստանի քաղաքացիների շրջանում: Տարասովը կամ նրա գործընկերները չեն ասի չէ՞, որ ռուսաֆոբիա կա Ռուսաստանում: Ես էլ չեմ խոսում այն մասին, որ նրանք ծպտուն չեն հանի Ադրբեջանում այդպիսի տրամադրությունների մասին՝ ի դեպ որը Տարասովի ծննդավայրն է, որոնք ուղղակի հորդում են տեղի պրոպագանդայի բաց տեքստերում կամ տողատակերում:
Ըստ այդմ, Հայաստանում պետք է պարզապես պարբերաբար «կայծ» տալ եւ թեժացնել «ֆոբիան», այդ կերպ ստվերելով այլ երեւույթ՝ հանրային խիստ բացասական եւ միանգամայն հիմնավոր վերաբերմունքն ու գնահատականը Ռուսաստանի վարած պաշտոնական քաղաքականությանը: Հենց դա նենգափոխելու համար է, որ պետք է «տոն տալ» «ֆոբիային»: Իսկ այդ հարցում, ցավոք սրտի, մեր հասարակական-քաղաքական վերնախավերը իրենց հասունության դինամիկայով եւ աստիճանով ցավոք շատ հետ են մնացել այսպես ասած շարքային հանրությունից, խաղալով առավելապես այն կանոններով՝ որոշները իհարկե կամա, շատերն ակամա, որ թելադրում է հենց մոսկովյան տեխնոլոգիան:
Ի դեպ, նաեւ այս հանգամանքները դիտարկելով է, որ 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո սկսել եմ խոսել այն մասին, որ հայաստանյան քաղաքական համակարգը կամ համակարգերը պետք է հենց զուտ մարտավարական նկատառումներից ելնելով փորձեն դուրս գալ Արեւմուտք, թե Ռուսաստան դիլեմայից, որովհետեւ իրադարձությունների ընթացքը ցույց տվեց, որ Ռուսաստանը բավարար ուժ ունի այն մեր դեմ աշխատեցնելու համար: Այդ ուժը կա առ այսօր, հետեւաբար խաղի մեր տակտիկան փոխելու խնդիրը մնում է արդիական»: