«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Տարեսկզբին այցելել էի Ալավերդու ԲԿ։ Տնօրեն Ստեփան Մոսինյանը տեղեկացրեց, որ ամենագնաց ռեանիմոբիլի կարիք կա, քանի որ ԲԿ-ն սպասարկում է 34 բնակավայր` կետային ավելի քան 100 կմ հեռավորությամբ, բարդ ռելիեֆով։ Բացի այդ, ունենք գյուղական բնակավայրեր` դժվարանցանելի ճանապարհներով, որտեղ ստանդարտ ռեանիմոբիլները դժվար հասանելի են։
Խնդիրը քննարկեցի Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Նախարարը նշեց, որ եթե ԲԿ-ն սեփական եկամուտներով հոգա շտապօգնության բրիգադի վարձատրության հարցը, նախարարությունը կհատկացնի ռեանիմոբիլը։ Հարցն այս տրամաբանությամբ 2-3 շաբաթվա ընթացքում լուծում ստացավ։
Ամբողջովին նոր Տոյոտա մակնիշի ամենագնաց ռեանիմոբիլը լիովին հագեցված է. ԷՍԳ (էլեկտրասրտագիր), ИВЛ-ԱՇՍ ( արհեստական շնչառության սարք, ապարատ), դեֆիբրիլյատոր, ինֆուզիոն պոմպ: Այսպիսով՝ բարձրանալու է շտապօգնության ծառայության օպերատիվությունը, ծառայության որակն ընդհանրապես։
Շնորհակալություն եմ հայտնում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին խնդրին օպերատիվ լուծում տալու համար»։