Տեսակետ

Հայ ժողովուրդը իրեն պատուհասած ոչ մի փորձության ժամանակ չկորցրեց ողջախոհության ճրագը

Գրող, հրապարակախոս Վասակ Դարբինյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Չնայած հովհարային անջատումներին, կրթության համակարգի հիմնահատակ ավերմանը, պատմությունը կեղծելու կամ բռնաբարելու անխոնջ ջանքերին, քաղաքական գործիչների կողմից հասարակության մեջ ատելության ու թշնամանքի ներարկմանն ու խավարասերների սանձազերծած տարատեսակ արշավանքներին՝ հայ ժողովուրդը իրեն պատուհասած ոչ մի փորձության ժամանակ չկորցրեց ողջախոհության ճրագը և չհայտնվեց խավարամտության տիրապետության տակ: Եվ չէր էլ կարող կորցնել, եթե անգամ էդ փորձություններն ավելի դաժան լինեին, իսկ դրանք հրահրողներն ու դրանց ընդդիմացողները՝ ավելի անհեռատես ու ավելի անխոհեմ, իր գլխին թափվող դժբախտությունները՝ ավելի սաստիկ, և իր հուսալքությունը՝ ավելի տևական։

Ահա սա է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունում երբևէ իրական չի եղել քաղաքացիական պատերազմի վտանգը, ի հեճուկս դրան ձգտողների ու դրանից զգուշացողների կամ սարսափողների: Ծանր, անելանելի թվացող իրավիճակներում մի քանի անգամ ահազանգ է հնչել այդ վտանգի մասին, մի քանի անգամ քաղաքական այս կամ այն դիրքորոշումն ու քայլը պատճառաբանվել է քաղաքացիական պատերազմը կանխելու անհրաժեշտությամբ, բայց դրանք եղել ենք չափազանցված պատճառաբանություններ, երբեմն՝ անհիմն տագնապներ կամ շանտաժին դիմադրել չկարողանալու հետևանքներ, երբեմն՝ ինքնարդարացումներ կամ մոլորություններ:

Հայաստանում դասական իմաստով քաղաքացիական պատերազմի հավանականությունը զրոյական է եղել թե՛ 1996-ին՝ ետընտրական կրքերի թեժացման օրերին, թե՛ 1997-98թթ.՝ ղարաբաղյան հարցի լուծման փուլային տարբերակի բուռն քննարկման ու մերժման շրջանում, թե՛ 2003-ի տարերային ընդվզման, թե՛ 2008-ի համաժողովրդական ըմբոստության ժամանակ, թե՛ 2018-ի հեղափոխության պիկին, թե՛ անգամ պատերազմում կրած պարտությունից հետո։

Նշված տարեթվերին որքան էլ բուռն են եռացել կրքերը, որքան էլ անկանխատեսելի է թվացել վաղվա օրը, հայ ժողովուրդը խելքը չի թռցրել այն աստիճան, որ չկարողանա զսպել միմյանց մորթելու կամ իրար վրա կրակելու գայթակղությունը, անկախ նրանից, թե ինչ են կանխատեսել, ծրագրել կամ ենթադրել քաղաքական գործիչները:

․․․Կարող եք առարկել՝ Հայաստանը մի երկիր է, որտեղ մայրը խեղդում է նորածին երեխային, որդին դանակահարում է ծնողին, եղբայրը սպանում է եղբորը, ինչո՞ւ, ուրեմն, հնարավոր չէ, որ սա կրի զանգվածային բնույթ ու վերածվի քաղաքացիական կռիվների։ Պարզ պատճառով. առանձին անհատներ, այո, ընդունակ են նման սարսռազդու արարքների, առանձին անհատը կարող է դառնալ հանցագործ, բայց հավաքականորեն հայ ազգը չի կարող գազազել այն աստիճան, որ այստեղ-այնտեղ մարդիկ զենք վերցնեն ու սկսեն կոտորել իրար։

Հայաստանում, ներհայաստանյան կյանքում առավելագույն աղետը կարող է լինել տեռորը, ինչպես որ եղավ 1999-ի հոկտեմբերի 27-ին և 2008-ի մարտի 1-ին: Ընդ որում, այն կարող է նաև դրսևորվել ու արդեն իսկ դրսևորվում է ոչ թե որպես կոնկրետ գործողություն, այլ թաքնված, «սողացող», նենգ, հիբրիդային փոխակերպուկ, երբ դրա հրձիգները անհայտ են, երբ առերևույթ ոչինչ չի կատարվում, բայց թաքնված ահաբեկիչների խմբակը երկիրը պահում է նյարդային, գերլարված վիճակում։

Այսօր էլ, ահա, հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի ճարտարապետները, նրանց «կատարելագործված» հետնորդները՝ մեր օրերի պոտենցիալ տեռորիստները, վխտում են ամեն քայլափոխի։ Անգամ եթե մոռանում ենք նրանց մասին՝ իրենք են հիշեցնում իրենց գոյությունը, ահաբեկչության մասին առայժմ կեղծ ահազանգերով փորձելով կաթվածահար անել Երևանը։

Բայց ներքին ճակատում պատերազմողներ, քաղաքացիական կռվի պոտենցիալ մասնակիցներ նույնիսկ նրանց շարքերում դուք չեք գտնի․ չկան։ Բացատրությունը պարզ է․ ահաբեկչի չբացահայտվելու կամ գոնե ողջ մնալու հավանականությունը մեծ է, եթե ահաբեկչությունն իրագործվում է ըստ ծրագրվածի (էլ չեմ խոսում ծրագրողների մասին, որոնց բացահայտումը գրեթե անհնար է), մինչդեռ քաղաքացիական կռիվ հրահրողն ու դրա մեջ ներքաշվողը պիտի գիտակցի, որ ինքը նույնպես կարող է հայտնվել զոհերի ցուցակում․․․

Բացի այդ, հայի բախտից շարունակ բողոքողները և անելանելիության զգացումից տանջվողները ահաբեկիչների գործողություններում ինչ-որ վեհություն են փնտրում, շատերի ընկալմամբ ահաբեկիչները արդարության համար մարտնչողներ են ու հայրենասերներ, քանի որ նրանց պոտենցիալ զոհերը դավաճաններ են կամ թշնամիներ, իսկ ահա եղբայրասպան պատերազմ հրահրողները,- անգամ իրենք են հասկանում,- այրվելու են դժոխքի կրակներում։

Ահա ինչու գնալով ավելի ու ավելի լկտի են դառնում թաքուն, սողացող, հիբրիդային տեռորի կազմակերպիչները: Շատ խելացի լինելը պարտադիր չէ՝ հասկանալու համար, որ այստեղ-այնտեղ ռումբերի մասին միօրինակ և կեղծ ահազանգերը առայժմ նպատակ ունեն բթացնել հանրության զգոնությունը՝ զուգահեռաբար նախապատրաստելով բուն տեռորը։ Սա կանխելու համար պետական կառույցների կրավորական, հայեցողական աչալրջությունը բավարար չէ, եթե անգամ դրան գումարվի հանրության զգոնության բազմապատկումը։ Հարկավոր է ռեսուրսներ կենտրոնացնել, ստեղծել համագործակցության ամուր ցանց, լրջորեն նախապատրաստել ու իրականացնել հակաահաբեկչական գործողություններ, որոնց շնորհիվ այդ ցանցի մեջ կհայտնվեն ահաբեկչության հանրածանոթ կամ նորահայտ «ասպետները»։ Այս ամենը հարկավոր է անել անհապաղ, վաղը կարող է ուշ լինել»։