Տեսակետ

«Իշխանությունը 1997թ․ հասել էր նրան, որ Ադրբեջանը գրավոր համաձայնել էր հայկական վերահսկողության թողնել նախկին ԼՂԻՄ-ի և Լաչինի ամբողջ շրջանի տարածքը»․ Աթանեսյան

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, լրագրող, քաղաքական մեկնաբան Վահրամ Աթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Ո՞վ է սկսել Լաչինի վերաբնակեցումը։ Լաչին ազատագրած՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ում լիազոր ներկայացուցիչն էր «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը։ Իշխանությունը գիտեր՝ ինչ է անում։ Իշխանությունը 1997թ․ ԼՂ կարգավորման փուլային տարբերակով հասել էր նրան, որ Ադրբեջանը գրավոր համաձայնել էր հայկական վերահսկողության թողնել նախկին ԼՂԻՄ-ի և Լաչինի ամբողջ շրջանի տարածքը։ Ո՞վ հնարեց, որ հայկական իրազորությունը պետք է տարածվի Մռավից մինչև Արաքս։

Ո՞վ էր Արցախի իշխանությունների «լեզվից քաշել» ստեղծել Որոտան, Կովսական, Ջրական, Սանասար «քաղաքներ» և Աղդամը օրենքով ճանաչել Ասկերանի թաղամաս։ Աղետը չի պայթում միանգամից։ Նույնիսկ երկնային կայծակը և որոտն են նախ խմորվում, ապա՝ ճայթում։ Հինգ տարի Լաչինի հյուսիսային թև եմ այցելել։ Բոլոր վարչական և կրթական հաստատություններում տեսել եմ Ալեքսան Հակոբյանի լուսանկարը՝ որպես շրջանի առաջնորդի։ Իրական իշխանությունը, մինչդեռ, վաղուց Ալեքսան Հակոբյանից «փոխանցված» էր ղարաբաղյան արմատներով մի նախկին դատախազի, որի գերխնդիրը խոտհարքերից և ցանովի հողատարածքներից եկամուտի իր բաժին ունենալն էր։

Մարդը բառիս բուն իմաստով ճակատամարտ էր տալիս Սյունիքի երկու հզոր կլանների հետ, որպեսզի «վասն հայրենյաց ծառայության» իր «արդար բաժինն» ունենա։ Իսկ ԼՂՀ ն Հայաստանից պահանջում էր «փակագծերը բացել« և Լաչինի վերաբնակեցմանն ուղղված գումարները ոչ թե ուղղակի հատկացնել Քաշաթաղ անվանված շրջանի վարչակազմին, այլ՝ անկշտում կառավարությանը։ Կատակ հո չէ՞ր։ Այդ տարիներին Հայաստանը ԼՂ-ին և Լաչինին գրեթե հավասար գումար էր հատկացնում»։