Տեսակետ

Խաղաղության գինը. պատերազմ քարոզել են ազգի արտոնյալները

ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Խաղաղությունն իրականում գին չունի, անգին է, ինչպես կյանքը։ Կյանքն անգին է։ Հակառակը պնդելը մահվան և պատերազմի քարոզ է։ Մահը երբեք ավելի թանկ չի կարող լինել, քան՝ կյանքը, չնայած՝ մեզ հարյուրամյակներով քարոզել են հակառակը։
Քարոզել են ազգի արտոնյալները, որ երբեք իրենք չէին զոհվելու, քարոզել են իրենց «ազգային» հռչակած կուսակցությունները, որ մահով են արդարացրել իրենց գոյությունը, քարոզել են մոլորված մարգինալներն ու ռոմանտիկները, քարոզել են մեզ զոհվելու, ոչ թե՝ ապրելու դատապարտող օտարները։
Ու տրվել ենք մենք այդ քարոզին մեծից փոքր, ռամիկից մտավորական, սովորական քաղաքացուց մինչև իշխանավոր։ Տրվել ենք ու ընտրել մահը, ոչ թե՝ կյանքը։ Ու շարունակվում է այդ քարոզը։ Դեռ ինչքա՞ն պետք է ընտրենք մահը և ոչ՝ կյանքը, դեռ ինչքա՞ն պետք է սխալվենք: Մինչև իսպառ բնաջնջու՞մ, որ լոկ մնանք այլ ազգերի պատմության դասագրքերում։ Որ կրկին պատմական հայրենի՞ք դավանենք՝ իրականի փոխարեն։
Պետք է սթափվենք, ընդունենք, որ սխալվել ենք։ Սխալվել ենք 100 տարի առաջ, երբ գետնի վրայի իրականությունը ստորադասեցինք եվրոպական քաղաքներում կնքված ինչ-որ փաստաթղթերի և նորից կորցրինք իրական հայրենիքի մի մասը։ Սխալվել ենք նաև 30 տարի առաջ, երբ քանդվող կայսրության հոգեվարքի ժամանակ կրկին ընտրեցինք մահն ու պատերազմը և «հաղթող» դարձանք, դարձանք ու հպարտությունից կուրացանք։ Կուրացանք մեծից փոքր, ռամիկից մտավորական, սովորական քաղաքացուց մինչև իշխանավոր։ Ու մինչ օրս կույր ենք, չենք հասկանում ու ընդունում մեր սխալները, հրաժարվում ենք առերեսվել գետնի վրայի իրականության հետ ու շարունակում ենք ընտրել մահը։
Մեր սխալների ընդունումն է բերելու խաղաղության, ոչ թե՝ դրանց կրկնումը։ Իրավունք չունենք կրկնել նույն սխալները՝ մերժելով օբյեկտիվ իրականությունը կամ մեկնաբանելով այն մեր քմահաճույքով։ Իրավունք չունենք։
Խաղաղությունն անգին է»։