Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Արցախցի խորհրդարանականը, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ է, Հայաստանի հետ օրվա հարաբերությունները գնահատում է «ճապաղ» և հորդորում պատճառը փնտրել Երևանում:
Պարոնը կարո՞ղ է բացատրել, թե իր կուսակցության տեղի կառույցն ինչու է մերժել հատուկ հանձնարարություններով դեսպանի հետ հանդիպումը, բայց մեծագույն հաճույքով քննարկումներ է անցկացնում «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչների հետ՝ Երևանում և Ստեփանակերտում: Կարո՞ղ է ուրանալ, որ Արցախի ԱԺ ընդդիմադիր կոչվող խմբակցությունները միայն մի խոսույթ ունեն. «Թող ՔՊ-ից մեկը համարձակվի ոտք դնել Ստեփանակերտ՝ կտեսնի»: Այս վակխանալիայի պայմաններում ո՞վ իր կյանքն ու քաղաքական ռեպուտացիան կվտանգի, երբ Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հաց թխողները «սամասուդ» են կազմակերպում: Սրանից, իհարկե, չի հետևում, թե Հայաստանի իշխանությունը պետք է «նույն մանրադրամով վճարի»: Ամենևին, ընդհակառակն: Երևանը պարտավոր է սառնասիրտ լինել: Բոլոր մակարդակներում երկխոսության անհրաժեշտություն կա, հանուն որի պետք է ինչ-որ տեղ նաև «զոհաբերության» գնալ:
Դիմում եմ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և հորդորում՝ անհապաղ կոմունիկացիա հաստատել Արցախի իր պաշտոնակցի հետ՝ խթանելու միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ձևավորումն ու մեկնարկելու աշխատանքային բնականոն քննարկումներ: Հայրենիքը ոչ ՔՊ-ական է, ոչ՝ ՀՅԴ-ական: Հայրենիքը մեկ-միասնական է, և նրա մարտահրավերները՝ բոլորինը: Եվ պիտի հնարավորինս հաղթահարվեն միասնաբար»: