Տեսակետ

Մի էական քայլը հաջորդում է մեկ այլ էական իրադարձությանը

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ադրբեջանը հուլիսի 27-ին ներկայացրել է Իսլամական ությակին միանալու հայտ: Նկատենք՝ ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազանգից երկու օր անց, թեև սա իհարկե որևէ կերպ ուղիղ կապակցվածության նշան չէ: Բայց բոլոր դեպքերում, մի էական քայլը հաջորդում է մեկ այլ էական իրադարձության:
Իրանն արդեն ողջունել է Ադրբեջանի այդ հայտը: Խոսքը տնտեսական գործակցության նախաձեռնության մասին է, որ ստեղծվել է 1996 թվականին և որի անդամ են Թուրքիան, Իրանը, Պակիստանը, Եգիպտոսը, Բանգլադեշը, Մալայզիան, Ինդոնեզիան, Նիգերիան:
Իսկ հայ առաջադեմ հանրության «դիսկուրսում» դեռ գերիշխում է թեման, թե մենք «ում պոչը պետք է բռնենք»: Ամեն մի խումբ կամ շերտ իհարկե մի պոչ է նախընտրում, բայց այստեղ է, ուշադրություն դարձնենք մեր լեզվամտածողության մեջ արմատացած ձևակերպմանը: Գոնե խոսվեր որևէ մեկի «ձեռքը» բռնելու մասին, մինչդեռ մենք մեզ համարում ենք առավելագույնը «պոչ» բռնելու արժանի:
Դա պետք է փոխվի, բայց փոխելու համար անհրաժեշտ է հասարակական, քաղաքական, տնտեսական վերնախավ: Մինչդեռ մենք ունենք դաշտ, որտեղ գերիշխողը տնավարությունն է՝ թե ձևի, թե բովանդակության իմաստով: Հայ հանրությունն ու հայկական «աշխարհը» ընդհանրապես տեղեկատվական միջավայրում օրական ստանում և կլանում է «տնավարության» ահռելի դոզա՝ ամենատարբեր թեմաների մասին: Այդ պայմաններում ցավոք օրինաչափ է, որ «դիսկուրսը» լինելու է «լավագույն պոչ»-ի ընտրության շուրջ»: