«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի ղեկավար Գարեգին Միսկարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Դիցուք դուք մարինացված ծիծակ եք արտահանում։ Ուրեմն դուք ծիծակը առնում եք դրամով, տեղափոխում եք դրամով, աշխատավարձ վճարում եք դրամով... մի խոսքով ամեն ինչը դրամով, բացի արտահանելը։ Արտասահմանցի գնորդը քեզ վճարում է արտարժույթով, ենթադրենք՝ եվրոյով։
Ուրեմն էն, որ եվրոն 550-ից դարձել է 400 արդեն ձեր արտադրանքը 37%-ով թանկ է այլ երկրների արտադրանքից և անմրցունակ։ Բայց ենթադրենք դուք շատ որակյալ ապրանք եք վաճառում, ու գնորդը պատրաստ է թանկ գնով առնել ձեր մարինատը։ Գումարը ստանում եք, ապրանքը ուղարկում եք ու հիմա ձեզ անհրաժեշտ է եվրոն դարձնել դրամ, որ կարողանաք հարկերը վճարել, աշխատավարձները տալ, ապրանք գնել։
Ենթադրենք հարկ եք ուզում վճարել։ Եվրոյով չեք կարող, պիտի վճարեք դրամով (դա նորմալ է), բայց ձեր հաշվին եվրո է։
էստեղ սկսվում է իրական պատմությունը։
Ուշադրություն
Բանկում կա տարադրամի կանխիկ և անկանխիկ առք ու վաճառք։
Կոնկրետ եվրոն անկանխիկ գնվում է 405 դրամ, վաճառվում է 420 դրամ, իսկ կանխիկի դեպքում գնվում է -413 դրամ, վաճառվում՝ - 430 դրամ։ Բայց արի ու տես՝ բանկերի անկանխիկ վաճառքի գնից թանկ` 421 դրամով փոխանակման կետերում եվրո են գնում։
Որպեսզի ավելի պարզ լինի՝ գանք ծիծակին։
Ենթադրենք դուք պետք է 550 000 դրամ հարկ վճարեք։
Նախ, առաջ դուք դրա համար փոխանակում էիք 1000 եվրո, հիմա պիտի փոխանակեք - 550 000 / 405 = 1358 եվրո։
Բայց եկեք հիշենք, որ կանխիկ փոխանակման դեպքում բանկը ձեր մեկ եվրոն գնում է 413 դրամով։ Այսինքն՝ եթե դուք ձեր եվրոն կանխիկացնեք նույն բանկում և փոխանակեք հենց այդ բանկում, ապա իր կողմից հենց նոր ձեզ տված յուրաքանչյուր եվրոյի համար բանկը պատրաստ է վճարել հավելյալ 8 դրամ։ Այսինքն.
550 000/413= 1331
Հիշում ենք, անկանխիկ փոխանակելու դեպքում մենք պիտի 550 000 դրամի համար մեր հաշվից բանկին վճարեինք 1358 եվրո, այն դեպքում, երբ կանխիկի համար բանկը պահանջում է 1331։
Այսինքն մենք «շահում» ենք 27 եվրո։ Բայց, մի շտապեք ուրախանալ...
Նախ որպեսզի դուք կարողանաք եվրոն կանխիկացնել դուք պետք է ունենաք հարկայինում գրանցած եվրոյի դրամարկղ, իսկ դուք սովորաբար դա չեք ունենում և չեք կարողանում կանխիկով ստանալ եվրոն, և երկրորդ, ու ամենահետաքրքիրը. բանկը ձեր եվրոն ձեզ տրամադրելու համար ձեզանից գանձում է 1.5-3% գումար։ (Տարբեր բանկերում տարբեր են, մենք դիտարկենք 1.5%-ը):
Այսինքն, եթե ձեզ անհրաժեշտ է կանխիկացնել 1331 եվրո, որպեսզի դուք այն փոխանակեք և ստանաք 550 000 դրամ, ապա պիտի ձեր եվրոյի հաշվին եղած գումարից հավելյալ 20 եվրո ծախսեք, ձեզ անհրաժեշտ գումարը ստանալու համար։ Այսինքն կլինի 1331+20=1351։
Եթե դուք ունեք եվրոյի դրամարկղի գիրք, ապա դուք «կշահեք» 7 եվրո։ Բայց ուշադրություն։
Հիշում ենք, որ փոխանակման կետում մեկ եվրոն գնում էին 421 դրամով։
Եվ ուրեմն, եթե դուք բանկի փոխարեն շուկայից գնեք եվրոն ապա. 550 000/ 421 = 1306 եվրո։
Այսինքն, բանկը անկանխիկ գործարքի մեջ մեզանից ավել է վերցնում 52 եվրո (1358-1306 = 52 եվրո)։
Կամ եթե վերածենք տոկոսի 52/1306 = 3.98% (գրեթե 4%)։
Ստացվում է, որ եթե դուք շրջհարկով աշխատող տնտեսվարող եք, ապա պետության կողմից պարտադրվող մեխանիզմների միջոցով ձեր վճարած հարկերի չափ դուք գումար եք վճարում նաև բանկերին։ (Փոխանցումների համար միջնորդավճարները, հաշվի սպասարկման տարեկան գումարները, հերթերի մեջ հաճախորդի ժամանակը սպանելը ու էլի նման բաներ չեմ հաշվում)։
Եթե դուք որպես տնտեսվարող փաստաթղթավորեք ձեր ձեռքբերումները, ապա, կստացվի, որ ավելի քիչ հարկ կվճարեք, քան վճարում եք բանկերին, զուտ այն պատճառով, որ Հայաստանում ամենաբարձր մակարդակով բանկերի շահերը փոքր ու միջին բիզնեսի շահերից վեր են դասում, ու բանկերը մեզ հետ բիզնեսում փայի մեջ են։
Ամենայն հարգանքով իմ բանկիր ընկերների նկատմամբ, բայց սա այլ կերպ, քան թալան, հնարավոր չի անվանել»։