Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Էլեկտրական ինքնագլորների համակարգային խնդրից բացի կա պարզ և կարևոր հարց, որը պետք է հրատապ լուծում ստանա. դա ինքնագլորների արագության սահմանափակումն է: Հարմարեցված քաղաքների փորձը ցույց է տալիս, որ պետք է ինքնաշխատ եղանակով (gps կոորդինատներով) սահմանափակել ինքնագլորի արագությունը, երբ այն երթևեկում է բանուկ հատվածներում, ինչպես օրինակ Հյուսիսային պողոտան կամ զբոսայգիները:
Տեխնիկական լուծման հնարավորությունը պատրաստի առկա է այն հավելվածներում, որոնք գործում են Երևանում, ընդամենը անհրաժեշտ է, որպեսզի լիազոր մարմինը նշի այդ հատվածները և ծանուցի սպասարկող կազմակերպություններին, թե ինչ թույլատրելի արագություն է գործում այդ հատվածներում:
Սա մեծ հարցի լուծման մի դրվագ է, իսկ համակարգային լուծման վերաբերյալ առաջարկներ կներկայացնեմ հաջորդիվ»: