Տեսակետ

Այսօրվանից իմ և «ՀայՓոստի» համագործակցությունը կավարտվի. Հայկ Կարապետյան

ՀայՓոստի արդեն նախկին տնօրեն Հայկ Կարապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«ՀայՓոստի թվային տրանսֆորմացիան իրականացնելու համար երկու տարի առաջ նշանակվեցի ՀայՓոստի տնօրեն, և թիմիս հետ միասին իրականացրինք հսկայական փոփոխություններ ինչպես թվային տրանսֆորմացիայի, այնպես էլ կադրային, ֆինանսական, սակագնային, կոմերցիոն, սպասարկման, փոստփոխանակման արդիականացման և միջազգային ուղղություններով:
2020թ.-ին ստեղծեցինք հնգամյա զարգացման ռազմավարությունը, որը հավանություն ստացավ ՀայՓոստի Դիտորդ խորհրդի և Կառավարության կողմից: Արդյունքում կառուցեցինք ՀայՓոստի էկոհամակարգը, ստեղծեցինք դուստր ձեռնարկություններ և գործարկեցինք բազմաթիվ պրոդուկտներ, ծառայություններ. iNovation, HayPost Retail, ՀայՓոստ Մեդ, Բեր-Բեր, Արմոտեկա և այլն: 
Կարծում եմ, Իրավահավաստի փոստի գործարկմամբ տրանսֆորմացիայի այս փուլը հաջողությամբ ավարտեցինք, ուստի այսօրվանից իմ և ՀայՓոստի համագործակցությունը կավարտվի: 
Շնորհակալություն եմ հայտնում մեծ վստահության և հնարավորության համար, որ ընձեռվեց ինձ, շնորհակալ եմ Թիմիս ինձ հետ 24/7 ռեժիմով այս 2 տարին աշխատելու համար, և ամենակարևորը՝ շնորհակալ եմ ՀայՓոստի հաճախորդներին, ովքեր այս ընթացքում վստահեցին մեզ և օգտվեցին մեր ծառայություններից։ 
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Ներկայացնում եմ իմ ղեկավարմամբ ՀայՓոստի գլխավոր ձեռքբերումները.
 Թվայնացում. iNovation
Ֆենիքս ծրագրի (Phoenix) գործարկում. թվայնացվել է ՀայՓոստի ամբողջ համակարգը, բոլոր բաժանմունքները միացվել են  մեկ միասնական օնլայն համակարգով: 
- ՀայՓոստում հաճախորդների գոհունակության համակարգի (Metrix) ներդրում. ծառայությունները դարձել են էլ ավելի հաճախորդամետ, հաճախորդների կարիքները բավարարող:
- «ՀայՓոստ+» Իրավահավաստի էլեկտրոնային փոստի համակարգի ներդրում. թվայնացվել են ՀայՓոստի փոստային գործառույթները: Այժմ հաճախորդները առանց փոստ այցելելու կարող են օգտվել փոստային մի շարք ծառայություններից, որոնք իրականացվում են բաժանմունքներում:
- Envelope, Հիբրիդ փոստ ծրագրերի ներդում. թվայնացվել է նամակների մշակման արդեն 88%-ը:
- HayPost Pay դրամապանակի գործարկում. կարելի է վճարել կոմունալ ծառայությունների համար, իրականացնել բջջային, ինտերնետ կապի և հեռուստատեսության, գույքահարկի և հողի հարկի, աղբահանության, ոռոգման ջրի և այլ ծառայությունների համար, կատարել փոխանցումներ այլ օգտատերերի բանկային քարտերին: Դրամապանակի վերջին թողարկմամբ հասանելի է դարձել նաև վարկերի մարման ծառայությունը:
- Նոր Stamps.am կայքի գործարկում. հնարավորություն է ստեղծվել գտնել Հայաստանի նամականիշերի, փոստային բացիկների մեծ տեսականի և պատվիրել դրանք առցանց:
 Փոստային բաժանմունքների արդիականացում և փոստփոխանակման բարելավում
- Փոստատարների պլանշետներով աշխատանք. փոստատարներն այժմ պլանշետի միջոցով են տրամադրում կենսաթոշակները, իրականացնում հասցեական առաքումները, նաև հնարավոր է տեղում իրականացնել վճարումներ:
- ՀայՓոստում ստեղծվել է փոստային բաժանմունքների օրինակելի մոդել, իրականացվել է 26 փոստային բաժանմունքի վերաբրենդավորում, վերազինում. բաժանմունքները դարձել են ավելի հարմարավետ, տեխնիկապես հագեցած և ժամանակակից ստանդարտներին համապատասխան:
- ՀայՓոստը Արդարադատության նախարարության հետ համատեղ բացել են Քաղաքացիական կենտրոններ Վանաձոր, Իջևան, Գյումրի քաղաքներում, որոնք մարզերի բնակիչներին հնարավորություն են տալիս մեկ վայրում ստանալ շուրջ 110 ծառայություն:
- Տեսակավորման կենտրոններ են բացվել ՀՀ մարզերում, որոնք նպաստել են մարզերում փոստային կապի ենթակառուցվածքների համաչափ զարգացմանը, փոստփոխանակման  արագացմանը 3 անգամ:
- Ավտոպարկը համալրվել է 30 տոկոսով:
Նոր ծառայությունների և առցանց հարթակների գործարկում
- Գործարկվել է նույն օրը առաքում Երևանում ծառայությունը. Երևան քաղաքում փոստի փոխանակումն իրականացվում է օրը երեք անգամ՝ նախկին մեկ անգամի փոխարեն: 
- HayPost Market էլեկտրոնային առևտրի հարթակի գործարկում. նպատակն է Հայաստանի ողջ տարածքում բնակչությանն ապահովել անհրաժեշտ ապրանքներով:
- Բեր-Բեր բեռնափոխադրաման ծառայության գործարկում. հաճախորդները ԱՄՆ-ից գնումներ են կատարում ՀայՓոստի վիրտուալ հասցեից և ստանում Հայաստանի ցանկացած կետում:
- ՀայՓոստ Մեդ դեղատնային ցանցի, ինչպես նաև  դեղերի առաքման առցանց ծառայության գործարկում. հնարավոր է պատվիրել անհրաժեշտ դեղեր, դեղատնային ապրանքներ և ստանալ առաքման ծառայության միջոցով, կամ մոտակա փոստային բաժանմունքում:
- Արմոտեկա հայկական արտադրանքի խթանման և արտահանման նոր հարթակ. նպատակն է  հայկական լավագույն արտադրանքը ավելի ճանաչելի ու հասանելի դարձնել և կազմակերպել դրանց առաքումը շուրջ 190 երկիր: 
- 20 նոր էլէկտրոմոտոցիկլետ և փոստի տեսակավորման կենտրոնի համար նոր հոսքագծի ձեռք բերում, որի համար ՀայՓոստը Համաշխարհային փոստային միությունից ստացել է դրամաշնորհ 267,000 ԱՄՆ դոլարի չափով։
- Հաճախորդների բողոքների վերլուծության և աջակցման, արագ արձագանքման ծառայությունների ստեղծում (կոնտակտային կենտրոն միանալու սպասելաժամանակը կրճատվել է 10 անգամ) և վստահության հեռախոսահամարի գործարկում:
 Ֆինանսական ցուցանիշներ 
- Միջազգային Grant Thornton ընկերության անկախ աուդիտի արդյունքներով՝ ՀայՓոստը 2021 ֆինանսական տարին փակել է աննախադեպ բարձր ցուցանիշներով. ՀայՓոստ խմբի հասույթը ավելացել է 12%-ով, գործառնական շահույթը (EBITDA) 63%-ով,  ներհանրապետական փոստը՝ գրեթե կրկնակի (72%-ով), իսկ միջազգային ելից փոստը դեպի արտերկիր՝ 12%-ով:
Աշխատակիցների խրախուսման ծրագրեր
- Փոստային բաժանմունքների աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է միջինը 46,5%-ով: Կորպորատիվ կառավարման սկզբունքների (Performance base) հիման վրա ներդրվել է ամսական պարգևատրման ծրագիր: Վարչական աշխատողների համար ներդրվել է տարեկան պարգևատրման պլան:
 Մրցանակներ
- ՓոստԵվրոպի կողմից ՀայՓոստը 2021թ. ստացել է փոստային ոլորտում նորարարության հատուկ մրցանակ՝ HayPost Pay դրամապանակի նորարարական լուծումների համար: 
- ՀայՓոստը 2022թ. ստացել է ISO 27001 միջազգային սերտիֆիկատ, որով միջազգայնորեն ճանաչվել է ՀայՓոստ ընկերության տեղեկատվական անվտանգությունը: 
- 2022թ. Աշխատակազմի կառավարման միջազգային բիզնես մրցանակաբաշխությանը  ՀայՓոստը ստացել է մրցանակ High Performance անվանակարգում:
- 2022թ. ամենամյա Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա ճգնաժամային կառավարում» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀայՓոստը: