Տեսակետ

Կլիմայի փոփոխությունը՝ հանրային առողջության էական սպառնալիք

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«​Եթե բացենք 1961 թվականին հրատարակված Հայկական ՍՍՀ ատլասի 21-րդ էջը, կտեսնենք, որ հուլիս ամիսին Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը տատանվում էր +240C - +260C-ի միջակայքում: Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2021 թվականի հուլիսին այն կազմում էր արդեն +26.30C - +27.50C, կամ +1.30C - +2.00C աստիճանով ավելի բարձր 1961-1990 թվականների համապատասխան նորմաների:
Կլիմայի փոփոխությունը գործնականում հաստատված փաստ է, որի վերաբերյալ համակարծիք են աշխարհի և Հայաստանի առաջատար գիտնականները: Բազմաթիվ են նաև վկայությունները, որ ջերմաստիճանի բարձրացումն ազդում է մարդու առողջության վրա` նպաստելով հիվանդացության և մահացության ցուցանիշների բարձրացմանը:
Մասնավորապես, բարձրացող ջերմաստիճանը հանգեցնում է արյան շրջանառության և շնչառական համակարգերի հիվանդություններով պայմանավորված մահացության աճին, որոշ ինֆեկցիոն հիվանդությունների (օրինակ՝ մալարիա, դենգե տենդ և այլն) աշխարհագրության փոփոխությանը, ինչպես նաև, մի շարք տարածաշրջաններում տեղումների ավելացման հետևանքով, տրավմատիզմի դեպքերի ավելացմանը:
Արդյունքում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատել է, որ 2030-2050թթ. կլիմայի փոփոխությունը կարող է հանգեցնել շուրջ 250.000 լրացուցիչ մահերի` մալարիայի, թերսնուցման, դիարեայի և արյան շրջանառության համակարգի հիվանդությունների հետևանքով, իսկ, հիվանդությամբ պայմանավորված, ծախսերը կկազմեն 2-4 միլիարդ ԱՄՆ դոլար տարեկան:
Շոգը հատկապես վտանգավոր է 65 տարեկանից բարձր անհատների, քաղաքային բնակավայրերում ապրողների և առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար: Ջերմությունն անհամաչափորեն ազդում է նաև բնակչության սոցիալապես խոցելի և մարգինալացված խմբերի վրա, որոնց հասանելիությունը օդի հովացման համակարգերին և առողջապահական ծառայություններին ցածր է, ինչն էլ իր հերթին խորացնում է առողջապահական և սոցիալական անհավասարությունը:
Կլիմայի ազդեցության ուսումնասիրությունը մարդու առողջության վրա գտնվում է նաև համալսարանականների ուշադրության կենտրոնում: Մեր գիտնականների կողմից իրականացրած հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում վերջին 30 տարվա ընթացքում դիտարկվել է ջերմային ալիքների օրերի քանակի և տևողության ավելացում: Այս փոփոխություններով պայմանավորված առավել վտանգավոր տեղաշարժեր են արձանագրվել առավել ցածրադիր և առավել շոգ կլիմայական վայրերում:
Վերոնշյալ գոտիներում ամառային ջերմաստիճանի և բնակչության շրջանում մաշկի չարորակ նորագոյացությունների տարածվածության միջև հայտնաբերվել է հավաստի կապ: Հետազոտողների տվյալները ցույց են տալիս նաև, որ ամռանը ջերմային ալիքների տևողությանը զուգընթաց, բոլոր պատճառներից ավելանում է բնակչության մահվան դեպքերի քանակը: Ջերմային ալիքի յուրաքանչյուր հավելյալ 1 օրը պատճառ կարող է դառնալ 5 լրացուցիչ մահվան դեպքի:
Դեռ ավելին, եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված, երիտասարդության երկու երրորդի շրջանում արձանագրվել է հիվանդագին մեթեոզգայունություն:
Կլիմայի փոփոխության և դրա ազդեցության դեմ պայքարը մարդկության առաջնահերթ խնդիրներից է և հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նպատակներից մեկը, որի իրագործմանը պետք է մասնակցություն ունենա յուրաքանչյուր պետություն իր ուժերի և միջոցների ամբողջ ծավալով:
Միևնույն ժամանակ, կարևոր է ունենալ նաև կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող հանրային առողջության սպառնալիքների կառավարման ներպետական ռազմավարություն, որը հնարավորություն կտա պաշտպանել հայաստանցիներին ջերմության բարձրացման հետևանքով ի հայտ եկող վտանգներից»: