Փոխվարչապետի նախկին մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վերջին հարցազրույցներիցս հետո հանդիմանում էին, թե չափազանցում եմ Ռուսաստանի կշիռը տարածաշրջանում` տարբերություն չդնելով ուկրաինական պատերազմին նախորդող ու ներկայիս Ռուսաստանների միջև։ Այս մասին ամիսներ առաջ գրել էի «Անալիտիկոնում», բայց թերևս բանավոր արժեր մի քիչ խոսել։
Այն, որ ուկրաինական ծանր կոնֆլիկտի մեջ ներքաշված Ռուսաստանի կարգավիճակը տարբեր է միջազգային արենայում, լիովին ճիշտ է։ Այն, որ Արևմուտքի և տարբեր ռեգիոնալ տերությունների հետ հարաբերություններում Ռուսաստանը նախկին վստահ դիրքից խոսելու հարցում դժվարություններ ունի, դա էլ է կարծես անվիճելի։ Սակայն համոզված եմ, որ չի կարելի նույնացնել իրերը, իրադրություններն ու շահառուներին։ Եթե նույնիսկ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, անգամ Թուրքիայի հարցում առաջվա Ռուսաստանի հետ գործ չունենք, դա ամենևին չի նշանակում, թե Հայաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի կամ Ղրղզստանի հետ հարաբերություններում այդ թուլացած վիճակը որևէ դեր ունի` ի նպաստ վերջիններիս։ Նույնիսկ ավելին` այս պետությունների հետ հարաբերություններում Ռուսաստանն այժմ ավելի զգայուն է։
Ռուսաստանի թուլության հատկանիշի բացարձակեցման թյուրընկալումն ունեցավ նաև 1920թ. հայ քաղաքական էլիտան, երբ կարծում էր, որ Բրեստի խայտառակությունը կնքած, ներքին քաղաքացիական պատերազմի արդյունքում կատաստրոֆայում հայտնված ռուսական պետությունն այն աստիճան թույլ է, որին կարելի է հաշվի չառնել, կամ նվազագույնը` բավարար չափով չկարևորել։ Արդյունքում` ստացանք թուրք-հայկական պատերազմ և Հայաստանի խորհրդայնացում։ Ասածս այն է, որ Ռուսաստանը գուցե բավարար ուժ չունի` ջախջախելու Արևմուտքի նախաձեռնությունները, սակայն լիովին ունակ է իր ազդեցության գոտիներում, տվյալ դեպքում` Կովկասում և Մերձավոր Արևելքում, խափանելու Արևմուտքի պլանները և Թուրքիայի հետ պայմանավորվելու գոտիների բաժանման, սորտավորման ու սեփական շահերը այլոց շահերի հաշվին սպասարկելու հարցում։
Եվ այն, որ այսօր ռուս-թուրքական հստակ օրակարգ կա, դրա հետ պետք է հաշվի նստենք ու հասկանանք, թե էդ հարիսայի կաթսայից ինչ ենք վերցնում կամ ինչպես ենք փրկում մեր կտորը։ Թե չէ, Ռուսաստանին հայհոյելով ու խաչակրաց բանակ տենչալով` «Ստեփանակերտ-Ստեփանակերտ» ենք երգելու։ Իրավիճակի դրամատիզմն այն է, որ կրկին սկսել ենք դաշնակից, բարեկամ ու նմանատիպ այլ կատեգորիաներով խոսել` հետևողականորեն փախչելով ռեալ պոլիտիկից ու համառորեն չընդունելով, որ ամեն մեկն ունի իր շահը, բացառապես իր շահը, այդ թվում` դաշնակիցը, թշնամին, բարեկամն ու, որքան էլ ապշեցուցիչ է, նաև` մենք։ Դե էդպես ավելի հեշտ է, ժամը գա` պատասխանատու կհանենք մի թշնամու, մի դաշնակցի ու գաղթօջախային մի ճոխ սեղանի շուրջ կհիշենք հայրենիքը` «ընկած մուրալու հափրած որկորով»։
Չեմ ուզում հուսահատեցնող նոտայով ավարտել, բայց էն, որ Ռուսաստանի պլանները հասկանալը մեզ համար ազգային անվտանգության հարց է ու դրանցով պայմանավորված` դիրքորոշում որդեգրելու, պատասխանատվություն ստանձնելու ու որոշում կայացնելու պատմական պարտադրանքի առաջ ենք կանգնած, թերևս արդեն դեբատի առարկա էլ չի»։