Տեսակետ

Ոչ ոք ուշադրություն չդարձրեց Պուտին-Խամենեի հանդիպման մի նուրբ դրվագի

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ոչ ոք, կարծես, ուշադրություն չդարձրեց Պուտին-Խամենեի հանդիպման մի նուրբ դրվագի. Ռուսաստանի նախագահը Իրանի Ռահբարին խնդրեց, որ արագացնի Ռեշտ-Աստարա երկաթուղու գործարկումը։ Դա Ադրբեջանի տարածքով մինչև Պարսից ծոց երկաթուղային հաղորդակցության վերջին հատվածն է, որ արդեն շուրջ մեկ տասնամյակ է՝ Իրանը շահագործման չի հանձնում։ Ռահբարի պատասխանը դիվանագիտորեն շատ քաղաքավարի, բայց փաստացի մերժողական էր։ Մինչդեռ, երկու օր առաջ ռուսական գնացքաշարը Ղազախստան-Թուրքմենստան երթուղով հատել է Իրանի սահմանը և հասել Բանդար-Աբաս։ Բեռնափոխադրման վերջնական հասցեն հնդկական Մունբայն է»։