Տեսակետ

Իրանի կարմիր գծերը ահագին նրբերանգներ ունեն

Արևելագետ, հետազոտող Աննա Դավթյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հաճախ վարանում եմ խոսել, գրել, «վերլուծել», երբ բաց աղբյուրներից ստացած տեղեկություններից զատ այլ տեղեկություն չեմ ունենում, մտածում եմ՝ էն, ինչ կարդացի ու «հասկացա», պարզ է նաև մյուսներին… Բայց ամեն անգամ առաջին անգամվա պես զմայլվում, զարմանում, զարհուրում, զայրանում եմ, թե ոնց են նույն տեքստը կամ, ավելի հաճախ, տեքստի մեկ քառորդի մի ծվենը կարդալով՝ դարակազմիկ «վերլուծություններ» գրում մարդիկ, որոնք պարզ տրամաբանական շղթա ձևակերպել անգամ կդժվարանան։  
Էդ պատճառով մի քանի կետ, այնուամենայնիվ.

-Տարածաշրջանում Իրանի ու մեր շահերի համընկնում, այո, կա մի քանի հարցերի շուրջ։ Բայց մենք այդ հարցերը փաթեթով ենք ընկալում, նրանք՝ առանձին։ Էդ պատճառով է, որ Իրանի հոգևոր առաջնորդը նույն նախադասության մեջ ողջունում է, որ «Ղարաբաղը վերադարձել է» Ադրբեջանին, ու միաժամանակ շեշտում, որ Իրան-Հայաստան սահմանի փոփոխությանը միտված ծրագրերին դեմ կլինի

-Նույն պնդումը և՛ Էրդողանի, և՛ Պուտինի ներկայությամբ ընդգծելը ավելի շատ մտահոգիչ է, քան՝ ոգևորող, որովհետև հարցի կարևորումը վկայում է նրա մասին, որ հարցը քննարկվում է դեռ, իսկ մտահոգությունն ու անընդունելի լինելու մասին պնդումները երաշխիք չեն պարունակում որևէ կերպ։

-Թուրք-ադրբեջանական ծրագիր, տանդեմ, նկրտումներ… Նման ձևակերպումներ չկան Խամենեիի խոսքում, ավելին, հարցին անցում կատարում է տարածաշրջանում «սիոնիստական ռեժիմի նկրտումների» մասին անդրադարձից հետո (այնպես որ, ահագին դաշտ կա հետո ասելու, որ դրսի ուժերը հասան իրենց նպատակին)։

-Իրանի կարմիր գծերը ահագին նրբերանգներ ունեն. Սիրիայի հարցում նրանց կարմիր գծերը վկա (հիշեցնեմ, նույն տեքստում Սիրիայի տարածքային ամբողջականության հարցը որպես Իրանի համար առանցքային խնդիր ձևակերպող Խամենեին դա անում է մարդու ներկայությամբ, ում զորքերը Սիրիայում են)։

-Այսքանով հանդերձ, ամենևին չեմ նսեմացնում Իրանի՝ էս պահին ունեցած դիրքորոշումը Հայաստան-Իրան սահմանի մասին, բայց ուզում եմ չմոռանանք, որ էդ դիրքորոշումը բանակցությունների ու հնարավոր պայմանավորվածությունների լայն դաշտ է ոչ միայն մեզ համար, այլև՝ նրանց, որոնք կուզեն փոխել էդ դիրքորոշումը։ Այնպես որ, ասվածը ոչ թե որպես երաշխիք, խոստում, երդում է պետք ընդունել, այլ հերթական ահազանգ»։