Տեսակետ

Պատերազմ չի լինելու, բայց...

Լրագրող Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Պատերազմ չի լինելու, բայց
1. Հայկական լրատվամիջոցների՝ պատերազմի վտանգը շեշտադրելով մի քանի հազար ավել լայքեր հավաքելու կեցվածքն անընդունելի է, մեղմ ասած:
2. Պատերազմի վտանգ միշտ էլ կա, անգամ՝ խաղաղ ժամանակ, բայց այսօր, քանի դեռ Հայաստանի շուրջ աշխատում է ակտիվ դիվանագիտություն, և սա նաև մեր ողբերգությունն է, պատերազմի վտանգ այս պահին չկա:
3. Օգոստոսի վերջին Բրյուսելում սպասվում է Փաշինյան-Ալիև հանդիպումը, ինչը նշանակում է, որ հնարավոր պատերազմը ևս մեկ-մեկուկես ամիս հետաձգվում է: 
4. Եթե մեր խնդիրները չլուծենք մեր հարևանների հետ, պատերազմի սպառնալիք միշտ է լինելու, ինչպես եղավ 2020-ի աղետը:
5. Ցավալի է, որ մենք, մեր խնդիրները լուծելու փոխարեն, այն աուտ-սորս ենք անում ռուսներին, ամերիկացիներին, եվրոպացիներին, հույսներս դնում իրանցիների, հնդիկների, չինացիների վրա:
6. Հայաստանը, այս կառավարությունը, ինչպես իր նախորդները, զբաղված են լուծումների իմիտացիայով: Դա չափազանց վտանգավոր է և կարող է պատերազմի դուռ բացել: Վախենու՞մ եք նոր Բաթումից և Ալեքսանդրապոլից, ուրեմն հեռացեք: Ձեր արկածախնդրության պատճառով մենք արդեն մի պատերազմ ենք ճաշակել՝ մի ամբողջ սերունդ ուղարկելով մահվան դուռը:
Կրկնեմ, պատերազմ չի լինելու առաջիկայում... մնացյալի մասին կգրեմ «Ալիք»-ի իմ սյունակում:
Եթե բանակում զինվոր ունեք, մի անհանգստացեք:
Եթե պլաններ ունեք, մի հետաձգեք:
Եթե գնում եք գյուղ, Սևան կամ այլ տեղ հանգստի, գնացեք:
Եվ վերջում՝ Հայաստան, դու մեղք ես, որ ունեցել ես և ունես նման հանցավոր պատասխանատուներ»: