Տեսակետ

Արևմուտքը շատ հստակ իրագործում է Չինաստանը Եվրոպայից կտրելու ծրագիրը

Արթուր Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Երեկ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին իր մոտ էր կանչել ՌԴ և Թուրքիայի ղեկավարներին ու փաստացի մատ թափ տվել՝ ասելով, որ չի հանդուրժի Հայաստանի սահմանների փոփոխություն: Սա դիպլոմատիկ լեզվից թարգմանած նշանակում է՝ «մոռացեք զանգեզուրյան միջանցքի մասին»: Սա, բնականաբար, շատ դառը կուտ էր Հայաստանում ապրող ռուսական գործակալական ցանցի համար, ինչն էլ ակնհայտ դարձավ իրենց ֆեյսբուքյան ջղաձգումներից, սակայն խնդրի խորքային դրդապատճառներին ոչ մեկը չի անդրադառնում:
Զանգեզուրյան միջանցքը պետք է ռուս-թուրքական դաշինքին, որպեսզի, Արևմուտքի հետ Թուրքիայի հավանական բախման դեպքում, Ռուսաստանը կարողանա Թուրքիայի հետ ցամաքային կապ ունենալ: Բուն բախման հավանականությունը նորից կտրուկ աճել է: Թեպետ սկանդինավյան երկրները խոստացել էին Թուրքիային արտահանձնել 2016-ի տապալված հեղաշրջման կազմակերպիչներին, Շվեդիայի գերագույն դատարանն արգելք է դրել արտահանձման վրա: Նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ն խոստացել էր Թուրքիայի վրայից հանել ռազմական տեխնիկա չմատակարարելու պատժամիջոցները, սակայն իբր հունական լոբբիստների ճնշման ներքո այդ պատժամիջոցներն էլ փաստացի հանել «չհաջողվեց»: 
Այս ամենին զուգահեռ ընթանում են իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, որտեղ, կարծես թե, միայն մեկ խնդրահարույց կետ է մնացել: Իրանը պահանջում է ԱՄՆ-ից՝ հեռացնել Հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպությունների ցանկից, ԱՄՆ-ն կտրականապես հրաժարվում է, ու, կարծես թե, բանակցությունները տապալվում են: Սակայն Իրանի ներսում կա խոսակցություն, որ Պահապանների կորպուսը կմիացնեն ՊՆ-ին, ու թեպետ դա ազդեցության լուրջ նվազում կնշանակի կորպուսի հրամանատարների համար, բայց նաև կլուծի Արևմուտքի հետ կռվախնձոր դարձած հարցը: Իրանն այս պահին Արևմուտքի համար շատ կարևոր դաշնակից կարող է դառնալ՝ ոչ միայն Կովկասում զսպող ուժ լինելու առումով, այլև՝ Մերձավոր Արևելքում, օրինակ, «սաուդիտներին» դաստիարակելու ու Իսրայելի ախորժակները փոքրացնելու համար, չհաշված այն փաստը, որ Իրանը էական ազդեցություն կարող է ունենալ նավթի գների անկման վրա: 
Արևմուտքը շատ հստակ իրագործում է Չինաստանը Եվրոպայից կտրելու ծրագիրը: Ռուսաստանով Եվրոպա մտնելու ճանապարհ Չինաստանն այլևս չունի, մնում է Թուրքիայի հարցը լուծեն, և Չինաստան-Ամերիկա հակամարտությունը կսահմանափակվի միայն Մալակկայի նեղուցով, որտեղ գործի կանցնի աշխարհի հզորագույն նավատորմը:
Բայդենի այցը Մերձավոր Արևելք պայմանավորված էր այս ծրագրի վերջին շտրիխները տալով: Իմիջիայլոց, Իսրայելում նա այցելել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն ու հանդիպել ղեկավարի հետ, որից հետո Հայաստան է ժամանել ԿՀՎ ղեկավարը, իսկ դրա հաջորդ օրը հայտնի դարձավ, որ ԱՄՆ է մեկնում հայոց հայրապետը: Կաթողիկոսի շրջագայության մասին բավականին հեգնական հոդված գրեց բոլորիս կողմից արդեն «սիրված» «Գռապարակ» օրաթերթը: 
Խոմենեին նաև արգելեց Թուրքիային՝ մտնել Սիրիա, և հրաժարվեց աթս-ներ վաճառել Մոսկվային»: