Տեսակետ

Ստեփանակերտը պետք է ավելի համարձակ գտնվի՝ գիտակցելով իր պատասխանատվությունը

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների 2022թ. հուլիսի 16-ի առաջին երկկողմ հանդիպումից հետո պաշտոնական Ստեփանակերտը պետք է հանդես գա վճռական հայտարարությամբ առ այն, որ այսուհետ Երևանը Ադրբեջանի հետ բանակցություններում չի ներկայացնում Ստեփանակերտին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների կարգավորման զամբյուղից ղարաբաղյան հակամարտության փաթեթը պետք է բանակցել բացառապես Ստեփանակերտի հետ։ 
Գործընթացում Արցախի սուբյեկտայնությունը վերադարձնելու այլ՝ առավել հարմար պահ և հնարավորություն դժվար գտնվի։ Չնայած գետնի վրա ռուսական խաղաղապահության ներկայությանը և դրանով պայմանավորված օբյեկտիվ կաշկանդվածությանը՝ այնուամենայնիվ, վերջին օրերին տեղի ունեցած որոշ առանցքային իրադարձություններ շրջահայացություն և կամք են պահանջում Ստեփանակերտից։
Անցյալ շաբաթավերջին Ադրբեջանում Ռուսաստանի՝ Մինսկի խմբի համանախագահ երկրի դեսպան Բոչարնիկովի այցը Շուշի վկայում է, որ այդ երկիրը ճանաչում է ուժի կիրառման հետևանքով Շուշիի օկուպացիան և պատերազմի հետևանքով Ադրբեջանի պարտադրած նոր ստատուս քվոն։
Ստեղծված պայմաններում Ստեփանակերտը պետք է ավելի համարձակ գտնվի, գիտակցի ոչ միայն Արցախի ապագայի, արցախցիների անվտանգության առջև իր պատասխանատվությունը, այլև՝ հանուն Արցախի հարատևության պետք է ստանձնի իր բաժին պատասխանատվությունը Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և պետականության առջև»։