Քաղաքագետ, Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է, նա արտաքսվել է երկրից։
Այս որոշումն ինձ մոտ դրական նստվածք չի առաջացնում՝ ճիշտ այնպես, երբ պարոն Փափազյանն իր կուսակիցներին ուղղորդում էր, մեղմ ասած, խուլիգանական ընդունելության արժանացնել Ֆրանսիա այցելող Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Հենց սրա համար է Փափազյանը նման «ջերմ» ընդունելության արժանացել Հայաստանում։
Այս որոշումն, իհարկե, արդար է. Հայաստանը, նրա խորհրդանիշները, պաշտոնյաներին պետք է հարգել, հակառակ պարագայում՝ մեր պետությունը պետք է ադեկվատ վերաբերմունք ցույց տա։
Մյուս կողմից՝ Փափազյանի հետ կատարվածի մեջ կամայականություն կա, որովհետև նման խնդիրները պետք է կարգավորվեն օրենքով՝ իրենց վրա կրելով դրա, ոչ թե՝ ներքաղաքական հակադրության իմպերատիվը, որը, փաստորեն, ներհայաստանյան դրսևորումից վերածվում է ներհայկականի։
Փափազյանը Հայաստանից վտարվեց, որովհետև պատշաճ հարգանք չի դրսևորել նրա իշխանության հանդեպ, բայց դա հասարակության մեծ մասի կողմից կարող է չընկալվել, որովհետև եթե խնդիրն օրենքով չի կարգավորվում, Հայաստանը կարող է «ասպատակել», օրինակ, Անդրանիկ Միհրանյանը, որն ավելի «հաբռգած» վերաբերմունք ունի Հայաստանի հասարակության, նրա ընտրության հանդեպ։
Բայց Միհրանյանը շարունակում է անարգել Հայաստան ժամանել, որովհետև Պուտինի կամ Լավրովի «մոտիկն» է։
Ստացվում է՝ խնդիրը ոչ թե օրենքով է կարգավորվում, այլ իշխանության «թրի» ուժով։ Այն պատում է ՀՅԴ-ի ու նրա անդամների հանդեպ, բայց անզոր է Ռուսաստանից ժամանող հայ «էմիսարների» հանդեպ»։