Գագիկ Քամալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Թուրքիայի հետ բանակցությունների վերաբերյալ շատ դժվար է որևէ կանխատեսում անելը, որովհետև Թուրքիան բարդ ու բազմաշերտ խաղացող է։ Դեռևս հստակորեն չի ուրվագծվում, թե որ աշխարհաքաղաքական կենտրոնի ազդեցությամբ են զարգանում Հայաստան-Թուրքիա բանակցությունները։
Առաջին հայացքից թվում է, որ և Ռուսաստանը, և Արևմուտքը այս հարցում կարող են հակասություններ չունենալ, բայց երբ տվյալ հարցին երկարաժամկետ ազդեցությունների կտրվածքով ես նայում, առնվազն Ռուսաստանի մասով կարելի պնդել, որ կարող է լինել շահերի հակասություն։ Հատկապես պուտինյան Ռուսաստանի համար հարավային Կովկաս կոչվող քաղաքական ռեգիոնը ունի շատ մեծ նշանակություն։ Հիմա հարց է առաջանում՝ արդյո՞ք Ռուսաստանը ստեղծված իրավիճակում ժամանակավոր սիրաշահումների համատեքստում է տեղավորել Հայաստան-Թուրքիա բանակցությունները, թե՞ իրականում առաջնորդվում է զուտ տնտեսական հետաքրքրություններով՝ համարելով, որ ԵԱՏՄ գործընկեր Հայաստանի բաց սահմանները օգուտ կբերեն նաև Ռուսաստանին։
Արևմուտքը, բնական է, տվյալ խնդրին մեծամասամբ նայում է գլոբալ անվտանգության ու տնտեսական զարգացումների տեսանկյունից, որովհետև ինչքան աշխարհում նվազեն կոնֆլիկտային օջախներն ու փակ սահմաններով երկրները, այնքան ավելի կհեշտանա աշխարհի կառավարելիությունը։ Ակտիվության երկրորդ հանգամանքն էլ այն է, որ բայդենյան Արևմուտքը նվազած ազդեցությունների վերականգնման փորձ է անում, իսկ այս տարածաշրջանում Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի պատճառներից մեկն էլ այն էր, որ Թրամփը իր քաղաքականությամբ ու մշակութային ընկալումներով կանաչ լույս վառեց էրդողանների ու պուտինների համար։
Սա, կարել է ասել, շատ բարդ ու փխրուն քաղաքական պրոցես է, որը ամեն պահի կարող է չեղարկվել, որովհետև այդ բոլոր արտաքին ազդեցություններին միանում է նաև Թուրքիայի՝ ծանր քաշային լինելու հանգամանքը, և, ինչպես վերևում պնդեցի, ոչ մեկը չի կարող կանխատեսել հետագա զարգացումները»։