Տեսակետ

«Հանրապետություն» կուսակցությունը պարզաբանում է տարածել Մեղրիում ռուսական խմբի համերգի առնչությամբ

«Հանրապետություն» կուսակցությունը Մեղրի համայնքում ռուսական մշակութային խմբի համերգի առնչությամբ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Մեղրիի մշակույթի տան դահլիճում ռուսական խմբի համերգի առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ քաղաքապետը միայն մշակույթի տան դահլիճն է տրամադրել, մերժումը կարող էր քաղաքական ենթատեքստ ունենալ, որը կազդեր ոչ միայն միջգյուղական հաղորդակցության վրա` տարատեսակ խոչընդոտներ հարուցելով պահակակետերի անցման ընթացքում, այլև հարուցել այլ արգելքներ։
«Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ հարցը ոչ թե այս կամ այն մշակութային միջոցառումը թույլատրելու կամ արգելելու մեջ է, այլ բուն հայ-ռուսական հարաբերությունների հստակեցման անհրաժեշտության, Հայաստանի` ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամակցության խնդիրների, որոնց լուծումը հաստատ Մեղրիի համայնքապետի իրավասության շրջանակներում չէ։ Բագրատ Զաքարյանի աշխարհաքաղաքական հայացքները որևէ կերպ չեն տարբերվում «Հանրապետություն» կուսակցության մոտեցումներից։ Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանի գործողությունները լիովին օրինական են և տեղավորվում են «Հանրապետություն» կուսակցության քաղաքական գծի մեջ։ Իսկ համերգի` համայնքապետարանի էջում հայտնվելը  պայմանավորված է մշակութային բոլոր միջոցառումները համայնքապետարանի էջում իրազեկելու ավանդույթով»։