Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
««Պատերազմը չեն հաղթում վարտիքով ու ելակով, հաղթում են ամուր, պատրաստված և հայրենիքի գաղափարին հավատարիմ զինվորներով: Դիվանագետներն էլ ամրագրում են այդ հաղթանակները»,- ասում է Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը:
Նախ, իսկ ինչու՞ դիվանագետները 1998-2018 թվականներին չամրագրեցին 1994-ի հրադադարով հաստատված ստատուս-քվոն։ Երկրորդ, պատերազմն, իհարկե, վարտիքով և ելակով չեն հաղթում, բայց չեն հաղթում նաև «ամուր, պատրաստված և հայրենիքի գաղափարին հավատարիմ զինվորներով»։ Պատերազմը հաղթում են թշնամու ունեցածին քանակապես և որակապես գերազանցող սպառազինություններով, նյութական, ֆինանսական, լոգիստիկ և այլ ռեսուրսների գերակայությամբ։ Այս քարոզչության դիպուկ, գրեթե բանաձևային առարկումը դեռևս 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո տվել է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ «Մերկ ձեռքերով երկնքից ԱԹՍ չես իջեցնի»։
Արցախի ԱԳ հարգելի նախկին նախարարը չի՞ նկատել, որ չափանիշ սահմանելով «ամուր, պատրաստված և հայրենիքի գաղափարին հավատարիմ» զինվորին՝ կամա, թե ակամա վիրավորել է քառասունչորսօրյա պատերազմի չորս հազար նահատակներին։ Ինչ՝ նրանք ամուր, պատրաստված, հայրենիքի գաղափարին հավատարի՞մ չէին, որ չհաղթեցին։ Երիցս հավատարիմ էին, ամուր և պատրաստված, բայց թշնամու՝ տասնապատիկ գերազանցող զինանոցի դեմ ավելին անել չէին կարող»։