Բիզնես բլոգեր, մարքետոլոգ Վահագն Դիլբարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Մեծ Դեպրեսիայի տարիներին մարդիկ գոյությունը պահպանում էին ցանկացած միջոցով։ Նյու-Յորքում բնակվող մի մարդ, ով աշխատում էր որպես աղբ հավաքող, մտածում է՝ «այսպես ապրել չի լինի, մի բան է պետք մտածել», ու որոշում է դոլար կեղծել։ Ի տարբերություն պրոֆեսիոնալ խաբեբաների՝ այս մարդը վճռում է կեղծել միայն 1 դոլարն ու իր տանը։
Երբ ՀԴԲ գործակալներին է հասնում կեղծ դոլարների մասին լուրը, ցնցվում են։ Նախ, նրանք ապշում են այն փաստից, որ երբևէ պատմության մեջ ոչ ոք 1 դոլարանոց չէր կեղծել, սա բացառիկ երևույթ էր։ Երկրորդ, խաբեբաներն ամեն կերպ փորձում էին նմանեցնել կեղծն իրական գումարի հետ, իսկ այստեղ լրիվ հակառակն էր՝ էլ սխալ գույներով, էլ տառասխալներով, անգամ նախագահ Վաշինգտոնի նկարն էր սփրթնած, իսկ անունը գրված Wahsington։
Սկզբում ֆեդերալները մտածում են, որ իրենց հետ չար կատակ են խաղում, քանի որ ընդամենը 40 հատ էր նման գումար գտնվել, իսկ այն պահից, երբ դառնում է թիվը 585, գործ են հարուցում՝ կցելով Mister 880 համարը։
Բոլոր խաբեբաներին տապալել է նրանց ժլատությունը, սակայն Mister 880-ը նույն տեղում երբեք 1 դոլարից ավելի չէր ծախսում, և նույնը՝ շաբաթվա կտրվածքով. 14 դոլար՝ 1 շաբաթում։ Ֆեդերալները որոշում են փռել Նյու-Յորքի քարտեզն ու կարմիր կոճակներով նշում են, թե որտեղից են կատարվել գնումներ։ Շուտով ամբողջ քարտեզը կարմրում է։ Որոշում է կայացվում 200 հզ բուկլետ ցրել ամբողջ քաղաքով ու տեղեկացնել այդ մասին շուրջ 10 հզ խանութների։ Ապարդյուն։
Անցնում են տարիները, և Mister 880-ը դառնում է լուրջ գլխացավանք։ Բայց այդպես երկար շարունակվել չէր կարող, ու նա բռնվում է 1948 թվականին՝ լրիվ պատահականորեն։ Այդ մարդու անզգուշության պատճառով տանը հրդեհ է բռնկվում և հրշեջները տեսնում են պատճենահանող սարքերը։
Դատարանը որոշում է կայացնում Էմերիխ Յուտտերին կալանավորել 1 տարի, 1 օր ժամկետով և տուգանում է 1 դոլարով։ Ընդամենը 1 ամիս հետո նրան ազատ են արձակում, քանի որ դատարանը ներում է Էմերիխ Յուտտերին, քանի որ վերջինս երբեք ոչ մի վաճառողի չի խաբել ավելին, քան 1 դոլար։
Յուտտերն այս քայլի պատճառով լեգենդ է դառնում, և 1950 թվականին նրա կյանքի հիման վրա նկարահանում են «Mister 880» ֆիլմը, որը վերջինիս ավելի շատ գումար է բերում, քան՝ իր տպած կեղծ դոլարները»։