ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հայաստանյան մի շարք զլմ-ներ հայտարարել են, որ բոյկոտում են վարչապետի ասուլիսը՝ այն պատճառաբանությամբ, որ սխալ ֆորմատ է ընտրված։
Ժողովրդավարական հասարակությունում զլմ-ներն սպասարկում են հասարակությանը։ Վստահ եմ, որ կան բազմաթիվ սուր հարցեր, որոնք հուզում են հասարակությանը, և դրանք կարելի է բարձրաձայնել։ Սակայն մեր մի շարք զլմ-ներ որոշել են բոյկոտել, և, ինչ խոսք, դա իրենց իրավունքն է։ Ժողովրդավարական հասարակությունում զլմ-ները նաև հարցեր չտալու իրավունք ունեն:
Այս օրերին Երևանի դատարանում ընթանում է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դատավարությունը։ Նա հանգիստ նստած է դատարանի դահլիճում, ու իրեն ոչ մի զլմ ներկայացուցիչ չի մոտենում ու հարց տալիս։ Այս նույն զլմ-ները որևէ կերպ չեն լուսաբանում այդ դատավարությունը և կրկին բոյկոտում են՝ հարցեր չեն ուղղում, մինչդեռ խոսքը գնում է մի մարդու մասին, ում՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու վերաբերյալ այդ նույն զլմ-ները տասնյակ տարիներ լուսաբանել են։
Վերջերս տեղեկացանք, որ ԱՄՆ-ում Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող 63,5 մլն դոլարանոց առանձնատունն արգելանքի է վերցվել, և հետաքննություն է ընթանում։ Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության՝ առանձնատունը ձեռք է բերվել՝ Հայաստանում «կոռուպցիոն սխեմայից ձևավորված եկամուտներով»։
Հետաքրքիր է, որ հայաստանյան զլմ-ները չեն գնում դատարան և Գագիկ Խաչատրյանին հարց չեն տալիս, թե այդ ինչպե՞ս է նա, տասնյակ տարիներ համեստ աշխատավարձով ապրող պետական ծառայող լինելով, իր հարազատների հետ միասին դարձել դոլարային միլիոնատեր։ Չեն հարցնում, թե նա արդյո՞ք այլ պաշտոնյաների էլ է ճանաչում, որ դոլարային միլիոնատեր են դարձել։ Ինչպե՞ս է, օրինակ, միլիոնավոր դոլարները հանել Հայաստանից՝ անշարժ գույք ձեռք բերելու կամ այլ նպատակներով։ Ինչքա՞ն գումար է Հայաստանից թալանվել, և քանի՞ «Искандер»-ի, «Точка-У»-ի, քանի՞ կմ առաջնագիծ ամրացնելու հնարավորություն է Հայաստանից դուրս հանվել։
Լավ, վարչապետի ասուլիսին չեք ուզում հարց տալ, բա ամբողջ Հայաստանին հետաքրքրող այս կոռուպցիոն հարցերով դատավարությունը ինչո՞ւ չեք ուզում լուսաբանել, թե քանի հարյուր մլն դոլար են դուրս հանել Հայաստանից, հայտնաբերված առանձնատունը միա՞կ խնդրահարույց գույքն է, թե՞ էլի կա։
Վերջին հաշվով չի բացառվում, չէ՞, որ կոռուպցիայի վերաբերյալ ձեր հարցերին ի պատասխան՝ գուցե Գագիկ Խաչատրյանը նույնպես պատասխանի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։