Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«ԱՄՆ նոր դեսպանի թեկնածության հարցում նախագահ Բայդենի որոշումը Հայաստանում ուշադրության է արժանացել առավելապես նրանով, որ դեսպանի թեկնածու Քրիստինա Քվիենը 2020-2022թթ. եղել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար:
Մինչդեռ, Բայդենի որոշումը շատ ավելի ուշագրավ է՝ բոլորովին այլ հանգամանքով: 30-ամյա դիվանագիտական փորձառությամբ Քրիստինա Քվիենը «մասնագիտացած» է տնտեսական և էներգետիկ հարցերում: Ահա այդ հանգամանքն է, որ առանցքային ուշադրության է արժանի և կարող է լինել ամերիկյան պատկերացումների շոշափելի ինդիկատոր:
Ընդ որում, կարծում եմ, այդ հանգամանքը ողջունելի է: Հայ-ամերիկյան հարաբերության հիմքը պետք է տնտեսական ռացիոնալ գործակցության խորացումը լինի՝ առանց վերամբարձ հռչակագրերի, հանդարտ, բարդ և նուրբ տնտեսական աշխատանքը:
Բայց, իհարկե, այդ հարցում միայն դեսպանի հանգամանքը բավարար չէ։ Պարզապես տվյալ պարագայում այն հատկանշական է՝ ամերիկյան հայացքը դիտարկելու տեսանկյունից»: