Լրագրող Արշալույս Մղդեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Կենտրոնական բանկը հրաժարվում է դրամն արհեստականորեն արժեզրկել` նկատելով, որ միայն արտահանողներին աջակցելու համար չարժե գնալ նման գնաճային ռիսկի։ Սա ճշմարտություն է, բայց՝ ճշմարտության միայն մի մասը։
Դոլարի արժեզրկումը հարվածում է ոչ միայն արտահանող բիզնեսին, այլև՝ բնակչության շատ ավելի լայն խավերի։ Նախ, դա ցավեցնում է դրսի հետ աշխատող և դրսից դոլարային միջոցներ հայթայթող բիզնեսին, որը Հայաստանում քիչ չէ` ՏՏ-ից մինչև աութսորս անող այլ ընկերություններ, բարեգործականներ և այլն։ Դոլարի արժեզրկումը ցավոտ հարված է դրսի ներդրողների համար, որոնք այս օրերին սկսում են մտածել՝ արժե՞ շարունակել, թե՞ պետք է սառեցնել իրենց պրոյեկտները։ Նրանք այժմ աղքատացել են 17-20%-ով։ Բայց սա էլ ամենը չէ։
Դոլարի արժեզրկումը մեծ հարված է դոլարով տրանսֆերտներ ստացողներին։ Հազարավոր քաղաքացիներ փաստացի աղքատացել են 17-20%-ով։
Ես սրա լուծումը չունեմ, բայց դրա համար Հայաստանում կան կառույցներ, որոնք քաղաքացու հարկերից աշխատավարձ են ստանում, որոնց քաղաքացիներն ընդունել են աշխատանքի՝ էս հարցերը լուծելու համար։ Դոլարը սենց չոքած պահելով, արտահանումը սպանելով, ներդրումները սեղմելով, իսկ, մյուս կողմից, բանկերին հարստացնելով՝ հարցը ոչ մի կերպ չի լուծվում»։