Վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Այսօր Վրաստանում անցկացվելու է «Միասնության ակցիա» հանրահավաք, որի մասին օրեր առաջ հայտարարել էր երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Հավաքի նպատակն է հունիսի 17-ին ընդառաջ Եվրոպային ցույց տալ Վրաստանի միասնականությունը։ Հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը հրապարակելու է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի ստատուս տալու կամ չտալու եզրակացությունը։
Ակցիան սկսելու է 19։00-ին Ռիկե այգում։ Նախագահի նախաձեռնությանը մասնակցելու մասին հայտարարել են Եվրահանձնաժողովի ղեկավար Կառլ Հարցելը, Վրաստանում Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանները։ Իշխող «Վրացական երազանքը» հայտարարել է, որ չի գնալու հավաքին, քանի որ «լուրջ չէ», բացի այդ, «Եվրոպայում և բոլորը գիտեն, որ Վրաստանի բնակչության 85% կողմ է եվրաինտեգրացիային»:
Հետաքրքիր է, որ հունիսի 16-ից բացի, հանրահավաք է նախատեսված նաև հունիսի 20-ին։
Ընդդիմադիր ամենամեծ կուսակցությունները նույնպես չեն մասնակցելու այսօրվա հավաքին։ «Միացյալ ազգային շարժումը» չի մասնակցի այսօրվա ցույցին, բայց ներկա կլինի հունիսի 20-ին։ «Եվրոպական Վրաստան», «Վրաստանի համար» կուսակցությունները նախագահի նախաձեռնությանը նույնպես չեն մասնակցի։
«Քաղաքացիներ», «Լելո» կուսակցությունները կմասնակցեն ինչպես այսօրվա, այնպես էլ հունիսի 20-ի ակցիային»։