ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, արձագանքելով մամուլում շրջանառվող իր անվան հետ կապված որոշ լուրերին, «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Վերջին երկու օրում մամուլում իմ անվան հետ կապված, միանգամից երկու նյութեր հայտնվեցին. մեկն այն մասին էր, թե որտեղից մինչև իմ` 2018 պետական պաշտոնի` Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ նշանակվելը, իմ կողմից հայտարարագրած դրամական միջոցները։
Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, սկսած 2010 թվականից` աշխատել եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկում, իսկ 2014 թվականից ղեկավարել եմ նույն ընկերության տարածաշրջանային գործընկերների ծրագիրը, որն ընդգրկում էր Հնդկաստան, ԱՊՀ, Արաբական երկրներ, Աֆրիկա տարածաշրջանը, և ստացել եմ համապատասխան վարձատրություն, որը շատ ավելին էր, քան իմ այժմյան աշխատավարձն է։ Ահա թե որտեղից իմ հայտարարագրած դրամական միջոցները։
Ինքնին հասկանալի է, որ նյութը գրողների մոտ տարակուսանք է առաջացել, թե ինչպես են մարդիկ առանց պետական պաշտոն զբաղեցնելու կարողանում գումար աշխատել, չէ որ նախկինում միջոցները անշարժ գույքը հայտնվում էին պաշտոնին զուգընթաց։ Այս մասով արդեն իսկ գործարկված է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը, և պետական նախկին, ներկա և ապագա պաշտոնյաներն այլևս չեն կարող հարստանալ հանրության ու պետության զարգացման հաշվին։
Երկրորդ նյութն այն մասին էր, թե իբրև ինձ սպասարկող մեքենան «ճռիկներ» է անում Ազատության հրապարակում։ Այս մասով ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ երեկ մասնակցել եմ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների հանդիսավոր արարողությանը, և Ազատության հրապարակի` տեսանյութում երևացող հատվածը տվյալ ժամանակահատվածում նախատեսված է եղել մեքենաների կայանման համար, որտեղ և կայանվել է նաև ինձ սպասարկող մեքենան։
Բոլորիդ լավ տրամադրություն և հրաշալի աշխատանքային օր եմ մաղթում»։