Տեսակետ

Մեր ժողովուրդը, քաղաքացին իրական ընդդիմության կարիք ունի

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Դատելով խորհրդարանական խմբակցությունների կողմից վրանները հավաքելու արձագանքների բովանդակությունից, կարող ենք փաստել, որ մեր ժողովուրդը, քաղաքացին իրական ընդդիմության կարիք ունի։
Ժամանակն է, որ ժողովրդավարական ուժերը հանդես գան, ժողովրդին ներկայացնեն իրական քաղաքական խնդիրներ՝ Հայաստանի մարտահրավերների և ճգնաժամից դուրս գալու լուծումների մասին։ Պատերազմում պարտության պատճառների, դրանց լուծման ուղիների, Հայաստանի արտաքին, պաշտպանության ու անվտանգության խնդիրների, ռազմական շինարարության, սպառազինման ծրագրերի, ռազմական դոկտրինի, ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի տնտեսական ու ռազմական մրցունակության, Հայաստանի անկախության ու ինքնիշխանության պաշտպանության վերաբերյալ։ 
Հայկական հանրությունը քաղաքական, բարոյական և հոգեբանական պարալիզի է ենթարկվել։ Ողջ քաղաքական միջավայրը անտրամաբանական վախի մեջ է ռուսներից, թուրքերից, ադրբեջանցիներից, ու ցանկացած այլ մեկից, որը ուզում է մեզ հետ գործ ունենալ։ Վախենում ենք զինվել, ռազմավարություն մշակել, ենթակառուցվածք ստեղծել, երկիր պաշտպանել։ Հայաստանն աշխատում է ռեակտիվ ռեժիմով, իներցիայով։ 
Սա պետք է փոխվի՝ այս ռազմավարական պարալիզը պետք է հաղթահարվի, սփյուռքի մտավոր և նյութական ռեսուրսը պետք է մեկ առ մեկ գնահատվի, հրավիրվի Հայաստան և ծառայեցվի հանրային-պետական ռեաբիլիտացման նպատակին։ 
Կառավարությունը պետք է միանշանակ ու աներկբա հայտարարի, որ
Հայաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա չեն, կենսականորեն անհրաժեշտ սահմաններում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն անօտարելի է, Հայաստանը երաշխավորում է ռազմաքաղաքական և տնտեսական հանձնառությունները մեր ժողովրդի հավաքական կամքով ընտրելու և փոխելու ազատությունը։
Բոլոր կուսակցությունները պետք է սատարեն այդ հայտարարությանն ու իրենց քաղաքական պայքարն ուղղեն դրանց իրականացման նպատակին՝ հենց վերոնշյալ հարցերում մրցակցելով իշխանության հետ»։