Տեսակետ

Քոչարյանը, Իշխանն ու մնացածը պատրաստ են «պայքարել» մինչև վերջին ցուցարարի հակաօրինական գործողությունն ու համաչափ ազատազրկումը

ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես էր պատգամավոր Արամ Վարդևանյանը ՍԴ-ում ընտրության արդյունքները բողոքարկելիս պատմում, որ չի կարելի ընտրության արդյունքները ճանաչել, քանի որ ելույթների ժամանակ ամբիոնից մուրճ է ՑՈՒՑԱԴՐՎԵԼ։
Այս օրերին նույն Վարդևանյանը հեքիաթներ է պատմում խաղաղ ցույցերի, խաղաղ, ճնշված ու բռնության ենթարկված ցուցարարների ու մնացածի մասին։
Սրանք պարզապես կադրեր չեն ցուցարարի կողմից ոստիկանի գլխին մուրճով հարվածելու մասին, սրանք կադրեր են երեսպաշտության, արյան ծարավի ու տեռորի կարոտի մասին։ Այս ցույցերի կազմակերպիչները, այո՛, տենչում են արյուն, երազում են տեսնել գլուխները ջարդված ոստիկաններ, Երևանի փողոցներում՝ արյան գետեր։
Ու խոսելով ոստիկանության կողմից կիրառվող անհամաչափ ուժի մասին՝ այո՛, այս կադրերում էլ է ակնհայտ, որ ոստիկանության կիրառած ուժն անհամաչափ է։ Երբ ոստիկանը բաց ձեռքերով գնում է ձերբակալելու իր գլխին մուրճով հարվածող խաժամուժին, այո՛, դա անհամաչափություն է և այդ անհամաչափությունը պիտի վերանա։ Խուժանը պիտի հայտնվի ճաղերի ետևում և շատ երկար ժամանակ անցկացնի այնտեղ։
Եվ փաստ է նաև, որ Քոչարյանը, Իշխանն ու մնացածը պատրաստ են «պայքարել» մինչև վերջին ցուցարարի հակաօրինական գործողությունն ու համաչափ ազատազրկումը։ Ուրիշ բան, թե դրան ինչքանով են պատրաստ մնացած մի քանի հարյուր ցուցարարները։
Եվս մեկ անգամ աջակցությունս եմ հայտնում իրենց կյանքն ու առողջությունը վտանգելով օրենքն ու իրավունքը պաշտպանող ոստիկաններին։
Հ․Գ․ Այս ցույցի բռնությունների գործով արդեն կա 13 կալանավորված»։