Տեսակետ

Ինչու՞ ընդդիմությունը Արցախի դրոշը չպարզեց նախօրեին Երևանում անցկացվող Խորհրդարանական Վեհաժողովի նիստում

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Երեկ մինչև ուշ երեկոյան Երևանում էին Ադրբեջանի դաշնակից մի շարք երկրների խորհրդարանների ղեկավարներ։ Ամեն րոպե սպասում էի, որ Ֆրանսիայի հրապարակում խրամատավորված ընդդիմության առաջնորդները առիթը բաց չեն թողնի և օգտվելով պատգամավորական մանդատից և հնարավորությունից՝ կհանդիպեն նրանց հետ և կպահանջեն կրկնել՝ "Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում" կախարդական արտահայտությունը։ 
Մինչդեռ․․․
Արցախի դրոշը պարզելու և Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելու մասին հայտարարությունը հնչեցնելու համար ցանկացած հարթակ օգտագործող խորհրդարանական ընդդիմադիրները, որ այդ նպատակին են ծառայեցնում օրինակ թե՛ Հայաստանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնոության բացման արարողությունը, թե՛ Ազգերի լիգայի շրջանակում Հայաստան-Իռլանդիա ֆուտբոլային հանդիպումը, հանկարծ հրաժարվում են ՀԱՊԿ խորհրդարանական Վեհաժողովի աշխատանքը այդ նպատակին ծառայեցնելու միանգամայն լեգիտիմ հնարավորությունից: 
Օրինակ, ինչու՞ ընդդիմությունը Արցախի դրոշը չպարզեց նախօրեին Երևանում անցկացվող Խորհրդարանական Վեհաժողովի նիստում, չհայտարարեց, որ Արցախը երբեք չի լինի Ադրրբեջանի կազմում, իհարկե ռուսերեն, որ հասկանան ՀԱՊԿ բոլոր պատվիրակությունները՝ Нагорный Карабах никогда не будет в составе Азербайджана: 
Ինչո՞ւ բաց թողնվեց այդ առիթը, առավել ևս, երբ այնտեղ էին Բելառուսը՝ որի նախագահը Սերժ Սարգսյանին Ալիևի անունից առաջարկում էր 5 միլիարդը՝ տարածքների դիմաց, Ղազախստանը՝ որի նախագահը 2014 թվականին Սերժ Սարգսյանի լռության պայմաններում ընթերցում էր Ալիևի նամակը և ասում, որ Իլհամը խնդրել է Հայաստանը «դեռևս չընդունել» ԵՏՄ, այնտեղ է Կիրգիզիան, որը շաբաթներ առաջ դաշնակցային ռազմավարական փաստաթուղթ էր ստորագրում Բաքվում, և իհարկե Ռուսաստանը, որը փետրվարի 22-ից Բաքվի հետ դաշնակցային հարաբերության մեջ է և նոյեմբերի 9-ից վեր հայտարարում է, որ կարգավիճակի հարցը առայժմ պետք է մատնել լռության: 
Ինչու՞ խորհրդարանական ընդդիմությունը բաց թողեց հռչակագրային քաղաքականության հիանալի առիթը և կարևոր հարթակը, ինչու՞ է անհնազանդության և դիմադրության շարժումը կանգ առավ մի կառույցի առաջ, որը գործնականում Ադրբեջանի բարեկամների ու դաշնակիցների կառույցն է, ու այդպիսին եղել է միշտ՝ այդ թվում ընդդիմության ներկայիս առաջնորդների պաշտոնավարման տարիներին: 
Պատասխանը թերևս միանգամայն պարզ է՝ այդպիսի քայլը ենթադրելու էր արդեն քաղաքական կոնկրետ դիրքավորման և մոտեցումների համար կոնկրետ պատասխանատվություն, և միաժամանակ ենթադրելու էր պատասխանատվության առաջ դնել ՀԱՊԿ-ն ու նրա անդամներին: Խորհրդարանական ընդդիմությունն այդ իմաստով ընդամենը խուսափել է պատասխանատու քաղաքականությունից, ինչպես նաև ՀԱՊԿ և դրա անդամների դաշնակցային պատասխանատվության հարցը բարձրացնելուց: Հանգամանք, որը մեծ հաշվով եթե ոչ ամեն ինչ, ապա չափազանց շատ բան է ասում Հայաստանում խորհրդարանական ընդդիմության քաղաքական բովանդակության և մոտիվների մասին»: