ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է,
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատեցինք պրոֆեսոր, գիտությունների դոկտորի և պրոֆեսոր, գիտությունների թեկնածուի տարակարգերի համար մեկ ակադեմիական ժամի աշխատավարձի բարձրացումը:
Որոշման համաձայն՝ պրոֆեսոր, գիտությունների դոկտորի մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը բարձրանում է 75.1%-ով՝, իսկ պրոֆեսոր, գիտությունների թեկնածուի մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը՝ 95.5%-ով։ Արդյուքնում՝ երկու տարակարգերի համար էլ 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կկազմի 540.000 ՀՀ դրամ, իսկ 1.5 դրույք (1080 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում՝ 810.000 ՀՀ դրամ:
Կարևոր եմ համարում նշել, որ օրերս ՀԱՊՀ գիտական խորհուրդը հաստատել է ՀԱՊՀ աշխատակիցներին գիտական հրապարակումների համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը, որի միջոցով ազդեցության գործակից ունեցող հանդեսներում հրատարակված մասնագիտական հոդվածների համար կտրամադրվի 150-350 հազար ՀՀ դրամ պարգևավճար։
Ինչպես նաև հաստատվել է ներբուհական գիտական դրամաշնորհների տրամադրման կարգը, որի ֆինանսական չափը, Հոգաբարձուների խորհրդի համապատասխան որոշմամբ, սահմանվել էր 50 մլն ՀՀ դրամ։ Այս ծրագիրը իրականացվելու է առաջին անգամ:
Փոխկապակցված որոշումների այս շղթան գիտության զարգացման, առաջմղման, միջազգայնացման և բուհի վարկանշավորման հայտնի համակարգերում հասանելիության և տեսանելիության բարձրացման հայեցակարգային ամբողջություն է: