Տեսակետ

«Ոստիկանների վրա ձեռք բարձրացրած խուլիգանները պատասխան են տալու օրենքի առաջ»․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Պատգամավորական մանդատի հետևում թաքնված մի շարք անձինք թե՛ խորհրդարանում, և թե՛ փողոցում իրենց ակնհայտ պարտությունը քողարկելու համար փորձել են և հավանաբար էլի կփորձեն գնալ սադրանքների, որպեսզի քողարկեն իրենց տապալված շարժումը, լիարժեք ձախողումն ու պարտությունը, և փոխարենը մեղադրեն իշխանությանը ոստիկանության միջոցով ուժ կիրառելու մեջ։

Բայց շատ կարևոր է, որպեսզի վերջիններիս հետ փողոց դուրս եկած քաղաքացիները գիտակցեն իրենց պատասխանատվությունն իրենց իսկ գործողությունների համար, քանզի յուրաքանչյուր քաղաքացի ինքն է պատասխանատու իր իսկ գործած անօրինական գործողությունների համար։ Կարևոր է, որպեսզի գիտակցեն, որ կալանավայրերում ու քրեակատարողական հիմնարկներում հենց իրենք են կրելու պատիժը, և ոչ թե մանդատի հետևում թաքնված սադրիչները։

Երեկ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի արդյունքում բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, որոնցից, ի դեպ, 39-ը ոստիկանության ծառայողներ են։ Այն, որ միջադեպից ավելի շատ ոստիկան է տուժել, քան ցուցարար, ևս մեկ անգամ ապացուցում է, որ եղել է հարձակում ոստիկանների վրա, ինչի պատճառով էլ ոստիկանությունը ստիպված է եղել հատուկ միջոցներ կիրառել։

Ի դեպ, տեղի ունեցածի հետևանքով հարուցվել է քրեական գործ։ Իսկ մեղավորներն ու ոստիկանների վրա ձեռք բարձրացրած խուլիգանները միանշանակ պատասխան են տալու օրենքի առաջ»։