Տեսակետ

Հիմա ի՞նչն է խանգարում, որ Արցախի Ազգային ժողովը համապատասխան նամակով դիմի ԵԱՀԿ գործող նախագահին

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը իր «ֆեյսբուքի» էջում գրել է․ 

«1992թ․ մարտի 24-ին ԵԱՀԽ-ն, որի իրավահաջորդը ԵԱՀԿ-ն է, ճանաչել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը, այլև՝ նրա ընտրված ներկայացուցիչների լեգիտիմությունը։ «Ընտրված ներկայացուցիչներ» ասելով՝ հասկացվել է առաջին գումարման ԼՂՀ Գերագույն խորհուրդը, որի ներկայացուցիչները նույն տարվա հուլիս-օգոստոս ամիսներին հրավիրվել են Հռոմ՝ Իտալիայի նախագահությամբ մեկնարկած ԼՂ կարգավորման բանակցություններին։ ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ի այդ որոշումը կոնսենսուսային է, դրան համաձայնություն է տվել նաև Ադրբեջանը։ Ոչ ոք այդ, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումները, չի բեկանել և չի կարող բեկանել։ 
Հիմա ի՞նչն է խանգարում, որ Արցախի Ազգային ժողովը, որպես ԵԱՀԽ/ԵԱՀԿ կողմից ճանաչված Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ, այն է՝ ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի իրավահաջորդ, համապատասխան նամակով դիմի ԵԱՀԿ Գործող նախագահին և պահանջի վերահաստատել Արցախի սուբյեկտությունը։ Մի նամակով, իհարկե, հարց չի լուծվի, բայց քաղաքական-դիվանագիտական քայլ, թվում է, կարելի է և պետք է արվի»։