Տեսակետ

Արևմուտքի լիդերները բացի աշխարհաքաղաքական հարցեր լուծելուց, լուծում են նաև իրենց հանրությունների հետ հարաբերման խնդիրները

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Արդյո՞ք օրերի ընթացքում Կիևի գրավման կամ շաբաթների ընթացքում Ուկրաինան վերցնելու՝ ռուսական պլանների հարցում արևմտյան հայտարարությունների նպատակն իրականում քարոզչությունը չէր՝ տպավորություն ստեղծելու համար, որ Պուտինն ուզում էր, բայց իրենք կանգնեցին Ուկրաինայի թիկունքին և թույլ չտվեցին:
Բանն այն է, որ այս պատերազմում Արևմուտքի լիդերները, բացի միմյանց հետ և միմյանց միջև աշխարհաքաղաքական, աշխարհակարգային, աշխարհնտնտեսական վերաբաժանման հարցեր լուծելուց, նաև լուծում են իրենց հանրությունների հետ հարաբերման խնդիրները:
Նույն Բայդենն, օրինակ, ունի նվազագույն վարկանիշ՝ 40% էլ չի հասնում, իսկ առջևում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են։ Կան ներքին այլ բարդ խնդիրներ ևս, որոնք պահանջում են լուծում: Իսկ այդ առումով՝ ռուսական ագրեսիան որքան ուժգին հնչեցվի քարոզչական տիրույթում, այդքան՝ առավել կառավարելի կարող են դառնալ արևմտյան հասարակությունները:
Բանն այն չէ, որ Պուտինի պատերազմը գնում է՝ ըստ պլանի, ինչպես այս դեպքում էլ հայտարարում են ռուսները: Իհարկե, դա էլ նրանց քարոզչությունն է: Բայց չի լինում այս մասշտաբի աշխարհաքաղաքական բախում, որն ընթանա՝ ըստ պլանի: Հարցն այն չէ, թե քանի տոկոսով է իրականացվել կամ շեղվել նախնական պլանը: Անկասկած է նաև, որ այդ շեղումը եղել է բավականին մեծ և իր ազդեցությունն է թողել ՌԴ էլիտայի վրա:
Բայց այս դեպքում էական է, թե ինչ ազդեցություն է «մնացել» Ուկրաինային: Իսկ Ուկրաինային մնացել է այն, որ տարածքի մի մասը զենքի ուղիղ գործադրմամբ վերցնում է Ռուսաստանը (այս պահի դրությամբ արդեն մոտ 22%-ը), մյուս մասն էլ, զենքի տեսքով օգնությամբ, վերցնում է ԱՄՆ-ն: Թե հետո ինչպես կտնօրինի, ում միջոցով և այլն, արդեն հարցի հաջորդ փուլն է»: