ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ջրբաժան, ճամփաբաժան, վճռական օր, վճռական փուլ, բեկումնային իրավիճակ, երկիշխանություն, իշխանությունը խուճապի մեջ է, իշխանությունը փլվում է, և այլն, և այլն...
Չե՞ք հոգնել, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, նման անպտուղ հայտարարություններից և ձեր իսկ համակիրներին կամ հետևորդներին մոլորեցնելուց:
Չե՞ք հասկացել, ի վերջո, որ 2018 ու 21 թվականների ԱԺ ընտրություններից հետո ձևավորված իշխանությունը՝ անկախ քաղաքական ուժի անվանումից, այլևս նախկին իշխանությունների պես չի կարող լինել իր բնույթով, իր նկատմամբ վերաբերմունքով, իր նկատմամբ հնչող քննադատության արդյունավետությամբ: Այդ ընտրություններն արտահայտել են ընտրողների իրական կամքը, որքան էլ դա ձեր «սրտով» չլինի:
Չե՞ք հասկացել արդյոք, որ փակուղու մեջ եք՝ որպես քաղաքական ուժ, որ նման մեթոդներով ո՛չ ձեր ընթացիկ ռեյտինգն եք ավելացնելու, ո՛չ էլ մյուս ընտրություններին ձեր պոտենցիալ քվեն:
Չե՞ք հասկանում, ի վերջո, դուք, հարգելի գործընկերներ, որ ձեր՝ ներքին «թշնամիներ» որոշելու, այդ թշնամիներին տարատեսակ անուններ կպցնելու և նրանց դեմ տրամաբանությանը հակառակ գործիքներով (դրոշներ, երգեր և այլն) պայքարելու գործելաոճը տապալվել է:
Չե՞ք հասկացել արդյոք, որ ձեր ամբողջովին կեղծ, արդեն հնացած, կոնտրպրոդուկտիվ, տասնյակ տարիներ շատերին մոլորեցնող օրակարգի դեմքը այլևս պատռված է:
Ե՞րբ եք, ի վերջո, այս ամենը հասկանալու...
Հ.Գ. Ցանկացած իշխանություն և քաղաքական ուժ ունենում է սխալներ և թերացումներ: Առողջ քաղաքական ուժերը խոսում են դրանց մասին և պարբերաբար կանգնում ընտրողների դատի առջև՝ արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ, եթե դրանք արդար են անցնում (դրանք, արդեն 4 տարի է, արդար են անցնում): Անառողջ կամ հակաժողովրդավար ուժերը չեն ընդունում իրենց սխալները, չեն խոսում դրանց մասին ընտրողների հետ, մերժում են իշխանության ձևավորման դեմոկրատական գործիքները և ուզում են տիրանալ իշխանությանը հենց այնպես, առանց ընտրությունների, ինչն, իհարկե, չի ստացվելու: Չի ստացվելու՝ ոչ թե, որ մենք կառչած ենք իշխանությունից, այլ՝ քանի որ Հայաստանում ժողովրդավարությունը պետք է լինի բացարձակ արժեք, և ոչ ոք չպետք է սասանի այդ արժեքը»: