Տեսակետ

Եկե'ք պաշտպանենք երեխաներին` ապահովելով երջանիկ մանկություն և արժանապատիվ մեծահասակ քաղաքացիներ դառնալու հնարավորությունը

ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է:
Խնդրում եմ՝ ուշադրություն դարձրեք օրվա անվանման վրա: Սա երեխաների օրը չէ, ոչ էլ՝ երեխաներին նվերներ գնելու և զբոսայգիներ տանելու օրը, ինչն, իհարկե, չի նշանակում, որ չպետք է նվերներ գնել նրանց համար և լավ ժամանակ անցկացնել նրանց հետ:
Այնուամենայնիվ, այս օրը նրա մասին է, որ աշխարհում, այդ թվում՝ մեր երկրում, կան բազմաթիվ երեխաներ, որ պաշպանության կարիք ունեն: Նրանք կարիք ունեն որակյալ կրթության և առողջապահության: Նրանք նաև կարիք ունեն մեծահասակների, այդ թվում՝ իրենց ծնողների և իրենց հասակակիցների կողմից հարգանքի և արժանապատիվ մանկության: Շատ երեխաներ իրենց կենսաբանական ընտանիքներում մեծանալու կամ նոր ընտանիք գտնելու կարիք ունեն:
Այո, շատ երեխաներ կարիք ունեն նաև ընտանեկան հոգեբանական և ֆիզիկական բռնությունից պաշտպանության, և պետությունը այստեղ մեծ դեր և պարտականություն ունի՝ ապահովել այդ պաշտպանությունը՝ դեն նետելով, այսպես կոչված, «ներընտանեկան խնդիրներին չխառնվելու» արատավոր սովորույթը, որոնք հաճախ աղետալի ելքեր են ունենում: Ցանկացած երեխա պետք է պաշտպանված լինի մեր երկրում, այդ թվում՝ ընտանեկան կամ ոչ ընտանեկան բռնությունից:
Երեխաները նաև զարգանալու հավասար հնավարությունների կարիք ունեն, ինչը կրկնին պետության պարտավորությունն է, որը ջանք չպետք է խնայի՝  որքան հնարավոր է շատ համայնքներում ստեղծելու համապատասխան միջավայրեր:
Վերջին տարիներին իհարկե շատ բան է արվել երեխաների պաշտպանության ուղղությամբ, բայց ավելի շատ էլ դեռ անելիք կա:
Եկե՛ք պաշտպանենք երեխաներին և հոգանք նրանց բոլոր կարիքները` ապահովելով երջանիկ մանկություն և արժանապատիվ մեծահասակ քաղաքացիներ դառնալու հնարավորություն»: